Որտե՞ղ են հայտնաբերել ու ձերբակալել հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին. տեսանյութ

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավարը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին հայտնաբերելու և ձերբակալելու մասին։

Միհրան Պողոսյանի տնից առգրավում է կատարվել.ԱԱԾ–ն և ՀՔԾ –ն միասին են խուզարկում իրականացրել

Հաղորդագրության մեջ նշված է, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը:

Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել:

Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է. Վանեցյանը` «Քեթրինի Միհրանի» մասին

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Ըստ քրեական գործի՝ սա առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատարանը ապրիլի 15-ին որոշում էր կայացրել երկու ամսով կալանավորել Միհրան Պողոսյանին: