Հայաստանում կոլխոզները նոստալգիայով են հիշում, բայց նոր միավորումներ չեն կազմում. Փաշինյան

Հայաստանում արոտավայրերի 70 տոկոսը չի օգտագործվում։ ՀՀ կառավարությունը փորձում է հասկանալ` ինչու կոլեկտիվ տնտեսություններ չեն ստեղծվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայաստանում կա 1 մլն հա–ից ավելի արոտավայր, որից պաշտոնական տվյալներով օգտագործվում է 300-320 հազար հա–ը։ Այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ըստ այդ վիճակագրության Հայաստանի արոտավայրերի 70 տոկոսն օգտագործված չէ։

Կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես. ինչպիսի՞ լուծում է տեսնում Նիկոլ Փաշինյանը

«Շատ հնարավոր է, որ ճանապարհների հասանելիության, խմոցների հետ կապված խնդիրներ կան և այլն։ Բայց ակնհայտ է, որ մենք այդ պոտենցիալը չենք օգտագործել»,– ասաց վարչապետը։

Նա կարևորեց, որ գիտական ներուժը ևս կիրառվի` հասկանալու համար, թե ինչու Հայաստանում կոլեկտիվ տնտեսությունների կիրառությունը լայն տարածում չի ստանում և ինչ խնդիրներ կան, որ գյուղացիներին հետ են պահում միավորվելու գաղափարից։

«Շատ գյուղերում, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները, նոստալգիայով են հիշում, ասում են` այ, էն գյոզալ կոլխոզները քանդեցին։ Բայց էդ կոլխոզները ձևավորվել են ուժի ու ռեպրեսիաների կիրառմամբ, և մարդիկ դրանք նոստալգիայով են հիշում։ Իսկ կամավոր միավորումներ կազմել չեն ցանկանում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը վարելահողերի օգտագործման մակարդակի բարձրացման նպատակով գյուղոլորտում առաջարկել է հողերի միավորման, խոշորացման, կոոպերացիաների ստեղծման, ինչպես նաև հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտը։