ՏՄՊՊՀ նոր նախագահը կզբաղվի ավիատոմսերի ու սննդամթերքի գներով

Գևորգյանը նշեց, որ ծանոթ է հանձնաժողովի աշխատանքին. նա այդ թեմայով թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Մթերային շուկայում չարաշահումներն ու ավիատոմսերի գները գտնվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նորընտիր նախագահ Գեղամ Գևորգյանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ զրույցում` խորհրդարանի կողմից իր թեկնածության հաստացումից անմիջապես հետո։

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նոր ղեկավար ունի

«Պատգամավորները մի շարք ոլորտներ են նշել ու խնդրել ստուգել։ Հիմնականում խոսքը սպառողների համար շատ կարևոր մթերային ոլորտի մասին է, բարձրացվել է նաև ավիատոմսերի գների հարցը», – ասաց Գևորգյանը։

Նրա խոսքով` Հանձնաժողովն արդեն մի շարք հետազոտություններ է նախաձեռնել, որոնք պետք է շարունակություն ստանան։

Նա ընդգծեց, որ մտադիր չէ առաջ տանել առանձին անձանց կամ շրջանակների շահերը։ Հանձնաժողովի նպատակն է աշխատել օրենքի շրջանակներում ու հանրության շահերի պաշտպանությունն ապահովվել։

Գեղամ Գևորգյանը ծանոթ է հանձնաժողովի աշխատանքին. նա այդ թեմայով թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել։

Նշենք, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ընտրվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում։ Խորհրդարանում կայացած փակ գաղտնի քվեարկությամբ Գևորգյանն անցավ 95 կողմ ու 26 դեմ ձայներով։