Վրաստանի վարչապետը շնորհավորել է Սուրբ Զատիկը նշող բոլոր քաղաքացիներին

Մամուկա Բախտաձեն շնորհավորական հեռագիր է հղել Վրաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որոնք այսօր՝ ապրիլի 21 նշում են Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  21 ապրիլի  - Spitnik. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորական հեռագիր է հղել երկրի բոլոր քաղաքացիներին, որոնք նշում են Սուրբ Զատիկը։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

«Շնորհավորում եմ Քրիստոսի Հարության առթիվ մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք նշում են այդ մեծ քրիստոնեական տոնը», - նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը։

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորեց «Լեռան քարոզով»

Ժամը 10:00-ից Հայ առաքելական եկեղեցիներում ժամերգություն է, Անդաստանի արարողություն է իրականացվում, հետո Սուրբ Պատարագ է մատուցվում։

Իսկ նախօրեին եկեղեցիներում ճրագալույցի արարողություն է անցկացվել։

Վրաստանի հայկական եկեղեցիները պահում են ավանդույթն ու այս օրերին նույնպես նշում են Սուրբ Զատիկը։

Ինչպես տեղեկանում ենք Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի պաշտոնական կայքից, թեմում Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշվել է  հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ ու Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան:

Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղ են ունեցել սրբազան արարողություններ: