Աղմկոտ գործի անաղմուկ ավարտը. թե ի՞նչ եղավ հետո, երբ նախագահականից 4 հուշամեդալ անհետացավ

Բաղրամյան 26–ից ամիսներ առաջ կատարված գողությունը հանրության շրջանում մեծ աղմուկ առաջացրեց։ Ինչո՞վ ավարտվեց այս պատմությունը՝ քչերին է հայտնի։ Sputnik Արմենիան դիմել է Քննչական կոմիտեին ու դեպքի մասին որոշ հետաքրքիր մանրամասներ պարզել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հունվարի 30-ին Բաղրամյան 26–ից կատարված գողությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Բայց, ինչպես սովորաբար լինում է, նույն կերպ արագ էլ մոռացվեց։ Գողոնը վերադարձվեց, քրեական գործը կարճվեց։

Բաղրամյան 26-ից հուշադրամներ գողացողին հայտնաբերեցին. կասկածյալը կին է

Քրեական գործի մանրամասներին տեղեկանալու համար Sputnik Արմենիան դիմել է Քննչական կոմիտեին։ Մեր հարցմանը պատասխանել է ՀՀ ՔԿ Երևանի վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Հ. Գևորգյանը։

Նրա տրամադրած տեղեկությունների համաձայն, Բաղրամյան 26-ի երրորդ հարկի միջանցքի  ցուցափեղկից  անհետացած 4 հուշամեդալները գողացել էր շենքի հավաքարարը, որի անունը, թեև մեզ տրամադրվել է, բայց հասկանալի պատճառով չենք հրապարակում։ Նշենք, միայն, որ նա միջին տարիքի կին է։

Գողությունից ու բարձրացած աղմուկից օրեր անց` փետրվարի 2-ին հավաքարարը դրանք թաքուն վերադարձրել է նախկին տեղը։ Բայց քննությամբ արդեն իսկ ձեռք բերված փաստերի ճնշման տակ ներկայացել է քննչական մարմին ու խոստովանել կատարածը։

Մինչ այդ, սակայն, պետական, ռազմավարական օբյեկտ համարվող շենքից կատարված գողության փաստով քրեական գործն արդեն հարուցված էր։ Հաշվարկվել էր նաև հասցված վնասի չափը` 209 537 դրամ։

Բաղրամյան 26-ում ուրվակա՞ն է հայտնվել, կամ ինչու է պետք պինդ փակել նստավայրի դռները

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով, հավաքարար կինը ցուցափեղկից վերցրել է 1 հատ «Երվանդ Լալայան» հուշամեդալ` 11 137 դրամ արժեքով, 1 «Cheska Republika» գրառմամբ հուշամեդալ`161 400 դրամ արժեքով, 1 «Լեսյա Ուկռաինկա» գրառմամբ հուշամեդալ` 37 000 դրամ արժեքով և 1 «Profektul religioni» գրառմամբ հուշամեդալ` պատրաստված պղնձից ու ցինկից, որի շուկայական արժեքը քննչական մարմինն այդպես էլ չի կարողացել որոշել։

Փոխարենը քննիչները պարզել են, որ հավաքարար կինը գողությունը կատարել է հունվարի 30-ի վաղ առավոտյան` ժամը 07։15-ին։ Նա իր մոտ եղած դանակով բացել է ցուցափեղկի փականը, հանել այնտեղից 4 հուշամեդալ, դրել փեղկի ապակու վրա, որտեղից հետո վերցրել է դրանք ու տարել։ Իսկ երբ գողությունը հանրային մեծ հնչողություն է ստացել, փորձել է դրանք նույն կերպ աննկատ վերադարձնել իրենց տեղը։

Բայց հետո ստիպված է եղել ինքնախոստովանական գրել` հայտնելով, որ զղջացել է կատարածի համար։

Հենց զղջման հիմքով էլ կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը` կարճվել։

Բայց մինչ այդ նախ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն` համոզվելու համար, որ հավաքարար կինը վերադարձրել է հենց բնօրինակ հուշամեդալները։ Փորձաքննությունը հաստատել է. գողացված հուշամեդալները դարձյալ իրենց տեղում են։