Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվում

Նիկոլ Փաշինյանը խոսեց բարձրաստիճան անձանց քրեական գործերից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար պետք են շատ լուրջ հիմքեր։ Այսօր Facebook-յան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս հարցադրման մեջ ես տեսնում եմ հետևյալը. ըհը դուք ինչ-որ պայմանավորվածություններ ունեք ու իրեն ձեռք չեք տալիս։ Սիրելի հայրենակիցներ, ես ընդհանրապես որևէ խաղի, խաղիկների մեջ չեմ մասնակցում»,– ասաց Փաշինյանը։

130 000 քաղաքացու վարկային տոկոսադրույքներ ներվել են. Փաշինյան

Նա նաև խոստացավ, որ այն պահին, երբ կլինեն բավարար փաստեր ու ապացույցներ, ոչ ոք պատասխանատվությունից չի խուսափի։

«Օրինակ` Հյուսիս–հարավի գործով արդեն քանի ամիս քրգործ է քննվում։ Ենթադրվո՞ւմ է, որ այստեղ պետք է լինեն ներգրավված պաշտոնյաներ, այո, ենթադրվում է, բայց առ այսօր չկան, քանի որ այդ գործի ծավալն այնքան մեծ է, որ քննությունը շատ երկար կարող է տևել»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը դարձյալ շեշտեց, որ վենդետաներ չեն լինելու, բայց լինելու է արդարադատություն։

«Ինձ խնդրում եմ ոչ մի դավադրության մեջ չկասկածեք»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ բավարար փաստերի պարագայում այս պահին կալանքի տակ է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հետախուզման մեջ են նախկին բնապահպանության նախարարը, ԴԱՀԿ նախկին պետը և այլն։ Տասնյակ քրեական գործեր են քննվում նաև այլ նախկին պաշտոնյաների վերաբերյալ։