«Երգող» բաժակն ի՞նչ մեղեդի կհուշի արաբ դիվանագետին. ԱՄԷ նոր դեսպանը Գյումրիում էր

Շիրակի մարզն ու հատկապես մարզկենտրոն Գյումրին զբոսաշրջության զարգացման որոշակի ներուժ ունեն: Գյումրու քաղաքապետը նաև այդ հնարավորությունների վրա է ուշադրություն հրավիրել՝ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբիի հետ հանդիպման ընթացքում:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 19 Ապրիլ — Sputnik, Արմենուհի Մխոյան. Մեր երկրում ԱՄԷ նոր դեսպանի այսօրվա այցը Գյումրի ճանաչողական բնույթ ուներ: Ու նաև այդ իմաստով խորհրդանշական է, որ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱՄԷ դեսպանին և նրան ուղեկցող մյուս հյուրերին նվիրեց արվեստների և արհեստների քաղաքում պատրաստվող այնպիսի ինքնատիպ հուշանվեր, ինչպիսին է «կլկլանը»: Դա վարպետ-արհեստավորի պատրաստած մետաղյա, պղնձե կամ արույրե յուրահատուկ բաժակ է, որից ջուր խմելիս այն «երգում» է՝ կլկլոցի ձայն է հանում: Հետաքրքիր է, թե «երգող» բաժակը համագործակցության ինչ մեղեդիներ կհուշի արաբ դիվանագետին: 

«Չերքեզի ձոր» ու 102–րդ ռազմակայան. ինչի՞ համար էր Կոպիրկինը Գյումրի այցելել

Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա էին նաև փոխդեսպան Ահլամ Ռաշեդ ալ Սալամին և Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, ընդգծվեց Հայաստան-ԱՄԷ հարաբերությունների կարևորությունը. «Առանձնակի հարաբերություններ  ունենք Հայաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում: Իրականում հարաբերություններում կա և՛ տնտեսական, և՛ ներդրումային առաջընթաց: Ես նոր դեսպան եմ, և իմ աշխատանքը պահանջում է այցելել տարբեր մարզեր՝  այդ հարաբերություններն ավելի զարգացնելու նպատակով: Էմիրությունները պատրաստ են համագործակցել Ձեզ հետ  և  իրականացնել մի շարք  ծրագրեր»,-նշեց արտակարգ և լիազոր դեսպանը՝  տեղեկացնելով, որ մայիսի 2-ին ԱՄԷ-ից մեծ պատվիրակություն է ժամանելու  Հայաստան՝ միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:

Դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ընդգծեց, որ ԱՄԷ-ից տարեկան մոտ 11.500 զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացվում դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Քաղաքապետ Բալասանյանը, անդրադառնալով զբոսաշրջության զարգացման առումով Գյումրու ներուժին, ուշադրություն հրավիրեց «Շիրակ» օդանավակայանի հնարավորության վրա: Նա դեսպանին առաջարկեց քննարկել և հնարավորության դեպքում Արաբական Միացյալ Էմիրություններից չվերթ իրականացնել նաև դեպի «Շիրակ» օդանավակայան, ինչը կարող է նպաստել զբոսաշրջիկների թվի ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը Գյումրիում:

Հանդիպումից հետո Շիրակի պետական համալսարանում դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և փոխդեսպանը «Հանդուրժողականության տարին ԱՄԷ-ում» խորագրով դասախոսությամբ հանդես եկան:

Արաբ դիվանագետները դասախոսության ընթացքում նշեցին, որ ԱՄԷ շարունակական բարգավաճման գաղտնիքը հանդուրժողականության մեջ է, իսկ երջանիկ լինելու նախադրյալները երկրի անվտանգությունը, բարգավաճումն ու կայունությունն են: