ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի վերաբերյալ նախագիծը

Փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 000 դրամ սահմանելու օրենքի նախագիծը:

Ապացուցեք, գործարանը կնվիրեմ. Ծառուկյանը բարկացավ, Սիմոնյանը նրան հազիվ հեռացրեց ամբիոնից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր ցեմենտի հետ պետական տուրք սահմանել նաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա: Իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր օրենքի նախագիծը մերժել, քանի որ անհրաժեշտ է քննարկումներ ու լսումներ նախաձեռնել:

Արդյունքում փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 78 կողմ և 42 դեմ ձայներով: Կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլի» պատգամավորները:

Հիշեցնենք, որ ըստ նախագծի` նախատեսվում է պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Այս օրինագիծը համարվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին առնչվող ցեմենտի գործարանի գործունեությունը պաշտպանող նախագիծ։