Ոչ միայն կոճակները, այլ նաև թելերը. պատգամավորները և նախարարը «կոստյումային վեճերի» մեջ են

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը պատասխանել է ընդդիմադիր պատգամավորի քննադատությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանի խորհրդարանում կառավարության կառուցվածքային փոփոխությունների քննարկումների ժամանակ տեղի է ունեցել «կոստյումային» բանավեճ։

Մասնավորապես, այլաբանությունների լեզվով են խոսել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, կառավարության կառուցվածքում փոփոխությունների նախագծի համազեկուցող Վահագն Հովակիմյանը և արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նորաձևության բանավեճ Հայաստանի խորհրդարանում. ի՞նչ պիջակներ էր Մարուքյանը փորձում

Նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում` Մարուքյանը հայտարարել էր, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները փաստացի պահպանում են նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի համար «կարված» կոստյումը։

Վահագն Հովակիմյանը, պատասխանելով Մարուքյանի քննադատությանը, հայտարարեց.

«Ինչ վերաբերում է «Սերժ Սարգսյանի կոստյումին», ես, իհարկե, հավատում եմ, որ պարոն Մարուքյանը ծանոթ է բոլոր դետալներին` ոչ միայն կոճակներին, այլ նաև թելերին։ Բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք միշտ կրել ենք և կրելու ենք մեր սեփական կոստյումը», – ասաց Հովակիմյանը։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած շտկումները հիմնված են կառավարության փոփոխությունների նախագծի վրա։

«Եթե մեր նախագիծն ինչ-որ մեկի կոստյումն է, ապա դա նույն կոստյումն է` մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Նույն կոստյումի փոխված նախագիծը», – նշեց Զեյնալյանը։

Ի պատասխան Մարուքյանը հայտարարեց, որ Հովակիմյանը վատ է ներկայացրել փոփոխությունների նախագիծը, վատ է հանդես եկել եզրափակիչ ելույթով։

«Ավելին, «Իմ քայլը» դաշինքը չպետք է վստահի այդպիսի մարդկանց նման կարևոր օրինագծերի ներկայացումը»,–, ասաց նա։

Հայաստանի խորհրդարանն ապրիլի 18–ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը, որոնց արդյունքում նախարարությունների թիվը 17–ից կկրճատվի մինչև 12։