Կրքեր հայկական ցեմենտի շուրջ. և՛ շինարարները, և՛ ներկրողները դեմ են Ծառուկյանի տարբերակին

Հայաստանի կառավարությունը փաստացի երկու կրակի արանքում է. մի կողմից ցեմենտի արտադրողներն են, մյուս կողմից` ներկրողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Մինչ «Արարատցեմենտի» ղեկավարությունը բողոքում է արտադրության թանկ լինելուց և Հայաստանի կառավարությունից հարկային նոր արտոնություններ է պահանջում, կառավարության որոշման դեմ նոր բողոք է հասունանում այդ ձեռնարկության ու շինարարների շրջանում։ Այլ կերպ ասած` իշխանությունը երկու կրակի արանքում է. մի կողմից ցեմենտի արտադրողներն են, մյուս կողմից` ներկրողները։

Խաչատրյան. «Կառավարության օգնությունը տնտեսվարողին հիմնավորված պետք է լինի»

Բանն այն է, որ կառավարությունն առաջարկել է բարձրացնել ցեմենտի ներկրման տուրքերը մինչև 22 հազար դրամ մեկ տոննայի դիմաց, տեղացի արտադրողներին, ի դեմս նույն «Արարատցեմենտի», պաշտպանելու համար։ Ձեռնարկությունում իրենց հերթին դժգոհ են, որ կառավարությունը հրաժարվել է նոր տուրքեր սահմանել ցեմենտի արտարդրության հումքի`կլինկերի ներմուծման համար։ Ավելի վաղ գործարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ 1200 աշխատակցի է կրճատելու, որից հետո բողոքի ակցիաներ են սկսել։ Այսօր` ապրիլի 18-ի ցերեկը հայտնի է դարձել, որ ձեռնարկության սեփականատերը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարություն էր եկել. չի բացառվում, որ ձեռնարկության շուրջ իրավիճակը քննարկելու նպատակով։

Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է

Ցեմենտի ներկրումով զբաղվող և շինարարական ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին այսօր կայացած կլոր սեղանի ընթացքում միաձայն հայտնել են, որ ցեմենտի ներկրմանն համար լրացուցիչ տուրքերը կհանգեցնեն շինարարության թանկացմանն ու կամրապնդեն տեղացի արտադրողների առանց այդ էլ գերիշխող դիրքերը։

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով` ներկրման տուրքերի բարձրացումը կհարվածի ներկրողներին, որոնք արդեն պայմանագրեր են կնքել` հաշվի առնելով նախկին տուրքերը։ Քննարկումների ընթացքում նա ասել է, որ նոր տուրքերը կհանգեցնեն այդ շինանյութի թանկացմանը ու կազդեն շինարարության վերջնական արժեքի վրա, ինչը կարևոր օղակ է Հայաստանի ՀՆԱ–ի կառուցվածքում։

Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը

«Առնի թրեյդ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արամ Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում ամեն տարի մոտ 800 հազար տոննա ցեմենտ է արտադրվում, սակայն ծավալի մեծ մասը ստվերում է  պահվում` հարկերից խուսափելու համար։ Ընդ որում` տեղական ապրանքը որակով զիջում է իրանական ցեմենտին, ինչի մասին Հայաստանում շատերը չգիտեն։

Նրա խոսքով` քննադատության չեն դիմադրում նաև տեղացի արտադրողների հայտարարությունները գազի թանկացման պատճառով ցեմենտի արտադրության բարձր ինքնարժեքի մասին։ Խաչատրյանը նշեց, որ Թուրքիայում գազն ավելի թանկ է, բայց ցեմենտն ավելի էժան է։ Դա նշանակում է, որ արտադրողները Հայաստանում գերշահույթ են ստանում ու չեն ուզում իջեցնել գները։ Նրա հաշվարկով` Հայաստանում մեկ տոննա ցեմենտի արտադրության ինքնարժեքը չի գերազանցում 17 հազար դրամը, մինչդեռ արտադրվողները խոսում են 35 հազարի մասին։

Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են

«Արարատցեմենտի» դեմ են դուրս եկել նաև «Գաջ» ՓԲԸ–ում, որը գիպս և ուրիշ շինանյութեր է արտադրում։ Ընկերությունը հայտարարել է, որ «Արարատցեմենտի»` վերջին օրերին դրսևորած պահվածքը պարզապես կառավարության միջոցով  մրցակիցներից ազատվելու փորձ է։

«Արարատցեմենտը» չի պայքարում ցեմենտի տեղական արտադրությունը զարգացնելու համար, այլ իրականում պայքարում է այնպիսի իրավակարգավորումների հասնելու համար, որը ձեռնտու կլինի միայն իրենց ընկերությանը: Անընդունելի է, երբ ցեմենտի շուկայում գերակշռող դիրք ունեցող ընկերությունը փորձում է ամեն գնով, այլ ընկերության օրինական շահերն անտեսելու միջոցով մենաշնորհ հաստատի», – նշվում է «Գաջ» ՓԲԸ–ի հայտարարության մեջ։

Ընկերությունում կարծում են, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է նստել ու քննարկել ցեմենտի շուկայի զարգացման վերաբերյալ փոխադարձաբար ընդունելի առաջարկներ։