ՀՀ կառավարությունից անվերջ արտոնություններ պահանջել չի կարելի. տնտեսագետը՝ ցեմենտի թեմայով

Հայաստանի տեղական բազմաթիվ արտադրողներ սովոր են, որ պետությունը նրանց պետք է պաշտպանի արտաքին մրցակիցներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակը հետևանք է այն արատավոր տնտեսական համակարգի, որը ստեղծվել է նախկին իշխանության օրոք, և որն այսօր պետք է ապամոնտաժել։ Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

Կրքեր հայկական ցեմենտի շուրջ. և՛ շինարարները, և՛ ներկրողները դեմ են Ծառուկյանի տարբերակին

Անցած շաբաթ «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի ղեկավարությունը հայտնել էր, որ ստիպված է շուրջ 1200 աշխատակից կրճատել։ Ի պատասխան ձեռնարկության աշխատակիցները արդեն մի քանի օր է բողոքի ակցիա են իրականացնում։

Խաչատրյանի խոսքով` Հայաստանի տեղական արտադրողներից շատերը սովոր են, որ պետությունը նրանց պետք է պաշտպանի արտաքին մրցակիցներից։ Այս մոտեցումը հաճախ պոպուլիզմի է նմանվում, բացի այդ սպառողների համար որոշակի վտանգ է պարունակում։ Տարբեր հարկային և մաքսային արտոնությունների օգնությամբ տեղական արտադրողներին պաշտպանելով մրցակցությունից, պետությունը քաղաքացիներին զրկել է որակյալ և գնային առումով մատչելի ապրանքներ գնելու և սպառելու հնարավորությունից։

«Մինչև վերջերս «Արարատցեմենտը» օգտվում էր իշխանությունների տրամադրած  արտոնություններից՝ ոչ առանց կոռուպցիոն ռիսկերի։ Այժմ նոր կառավարությունն ուզում է խաղի հավասար պայմաններ ստեղծել` կոչ անելով աշխատել գործող հարկային օրենսդրության պայմաններում։ Եվ պարզվում է, որ ցեմենտի գործարանը խնդիրների է բախվել», – ասում է Խաչատրյանը։

Գործարանում անախորժություններ սկսվեցին այն բանից հետո, երբ հարևան Իրանում ազգային արժույթի արժեզրկման հետևանքով ընկավ իրանական ցեմենտի գինը, այն ավելի էժան դարձավ, և այժմ հայկական արտադրանքը չի կարող մրցակցել իրանականի հետ։

Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են

Ինչպես կարծում է Խաչատրյանը, նման պայմաններում ձեռնարկությունն ինքնուրույն պետք է խնդրի լուծման մեխանիզմներ և ձևեր գտնի, անհնար է անվերջ դիմել կառավարությանը հարկային արտոնություններ ստանալու համար։

«Վաղը մյուս օր, ունենալով «Արարատցեմենտի» օրինակը աչքի առաջ, կառավարությանը արտոնությունների համար կարող են դիմել լոլիկի և այլ գյուղմթերքի արտադրողներ, այնուհետև նմանատիպ խնդրանքով հանդես կգան տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչներ և այդպես մինչև անվերջություն։ Բայց չէ՞ որ մենք հասկանում ենք, որ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Իսկ ուր մնացին առողջ մրցակցությունը, նոր տեխնոլոգիաների կիրառումը։ Բնականաբար,կառավարությունը պետք է իր հնարավորության սահմաններում օգնի տեղական արտադրողներին, սակայն ծայրահեղությունների մեջ ընկնել չի կարելի», – ասում է տնտեսագետը։

Խաչատրյանի համար այս փուլում համոզիչ չեն «Արարտցեմենտի» ղեկավարության փաստարկները, որը, ինչպես հայտնի է, լրացուցիչ տուրքեր է պահանջում կլինկեր` ցեմենտի հումք, ներկրելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում ցեմենտի արտադրությունը մեծ ծախսերի հետ է կապված նախևառաջ այն պատճառով, որ կառավարությունը հրաժարվում է բարձրացնել կլինկերի ներկրման մաքսային տուրքերը։

Խաչատրյան. «Կառավարության օգնությունը տնտեսվարողին հիմնավորված պետք է լինի»

Արդյունքում տեղական արտադրության հումքը, որից ցեմենտ են ստանում, անեկամտաբեր է դառնում։

Միևնույն ժամանակ Խաչատրյանը ուշադրություն դարձրեց մի հետաքրքիր հանգամանքի վրա` 2018 թվականին Հայաստանն Իրանից ներկրել է ցեմենտ մեկ տոննայի դիմաց 150 դոլարով։ Այսօր «Արարատցեմենտի» ներկայացուցիչները պնդում են, որ իրանական ցեմենտը իրենց արտադրանքից ավելի էժան է. այն արժե 15-25 դոլար մեկ տոննայի համար։ Անհամապատասխանություն է ստացվում. եթե իրանական ցեմենտն այդքան էժան է, ապա ինչո՞ւ էր անցած տարի ներկրվում 150 դոլարով։ «Արարատցեմենտի» արտադրանքի մեկ տոննան, ինչպես հայտնի է, 40 հազար է։  Խաչատրյանի կարծում է, որ պետք է մանրակրկիտ պարզել այս մութ պատմությունը, չի բացառվում, որ կարող են «հետաքրքիր մանրամասներ» բացահայտվել։