«Իմ դեմ իրականացվողը շինծու է». Դավիթ Սանասարյանը գրառում է հրապարակել Facebook-ում

Պետական վերահսկողական ծառայության պետը հորդորում է չընկրկել ու չվհատվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրությունից հետո Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գրառում է արել Facebook-ում։

«Սիրելիներ ջան, hանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»,– գրել է նա։

Սանասարյանը խոստացել է մանրամասների մասին խոսել հետագայում։

Գրառման վերջում նա ավելացրել է. «Ձեզ բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա Դավիթ»։

Նշենք` ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված էր, որ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։

Փաշինյանն իմ հանդեպ քաղաքական հետապնդում չի պատվիրի. Սանասարյանը` տարածված լուրերի մասին

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին իրերին մամուլում շրջանառվող լուրերին, հայտարարել էր , որ իր բարի համբավի վրա ոչ մեկը չի կարող բիծ քաշել։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։