Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի

Կառավարության առաջադրած թեկնածուն ընտրվեց 85 կողմ ձայնով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

Փաշինյանն իմ հանդեպ քաղաքական հետապնդում չի պատվիրի. Սանասարյանը` տարածված լուրերի մասին

Նրա օգտին փակ գաղտնի քվեարկության արդյունքում քվեարկեցին 85 պատգմավոր, դեմ` 20, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։

Նախընտրական իր ելույթում Բաղրամյանը հայտարարեց, որ անհանդուրժող է լինելու օրենքը խախտող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։

ՀԾԿՀ–ի ուշադրության կենտրոնում նրա օրոք լինելու են սակագնային քաղաքականությունը, մասնավորապես` էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը։

Ավելի վաղ Բաղրամյանը հերքել էր լուրերն այն մասին, թե իր առաջադրման համար էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ բարեկամական կապը։ Բանն այն է, որ Բաղրամյանն ու ԱԱԾ ղեկավարը բաջանաղներ են, և, ըստ մամուլի, նրա առաջադրման համար վարչապետի մոտ բարեխոսել է հենց Վանեցյանը։

Բաղրամյանի թեկնածությունը ՀԾԿՀ պետի պաշտոնում առաջադրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2003-ից 2018 թվականը ՀԾԿՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Նազարյանը։