ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի խոհարարների թիմը շնորհակալություն է հայտնել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին Դաղստանում փառատոնի ժամանակ իրենց ճաշատեսակները բարձր գնահատելու համար։ Այդ մասին Մամուլյանն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլի ընթացքում։
Մամուլյանը Դաղստանում ապրիլի 11-13–ը կայացած երկրորդ միջազգային գաստրոնոմիական զբոսաշրջության մրցույթի ժյուրիի կազմում է եղել ։ Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի խոհարարների թիմը` խոհարարներ Յուրա Սարգսյան, Էդուարդ Սիմոնյան և Գարիկ Վարդանյան։
«Ադրբեջանի թիմի ներկայացուցիչներից մեկը մոտեցավ ինձ և շնորհակալություն հայտնեց։ Ես հարցրի` ինչի համար, նա պատասխանեց` որ չեմ նվազեցրել գնահատականը։ Ես զարմացա և ասացի, որ ճաշատեսակը համեղ էր և գնահատել եմ ճաշատեսակը, այլ ոչ թե քաղաքականությունը», – պատմեց Մամուլյանը։
Այդ ժամանակ Մամուլյանը պատասխան հարց է տվել գործընկերներին` թե նրանք ցածր գնահատական կդնեի՞ն մեր ճաշատեսակին միայն այն պատճառով, որ այն պատրաստել են հայ խոհարարները։
Արդյունքում, Մամուլյանի խոսքով, հայկական և ադրբեջանական թիմերն ընկերացել են և նույնիսկ պայմանավորվել ապագայում հանդիպել երրորդ երկրի հարթակում։
Խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը, որը մասնակցել է մրցույթին, նշել է, որ հարևանների հետ աշխատելը շատ հարմարավետ էր։
Նա վստահ է, որ խոհանոցը` հարթակ է, որտեղ քաղաքականությունը մի կողմ է քաշվում։ Բայց, ցավոք, դա ոչ բոլորն են հասկանում։
Հայկական թիմը մրցույթից վերադարձել է երեք բրոնզե մեդալներով, արծաթով և ոսկիով։
«Մրցույթում մենք ներկայացրել ենք «Անիի քաղցրավենիք» աղանդերը, պատրաստել ոչխարի միս և դդումով աղցան։ Սակայն ժյուրիին ամենից շատ զարմացրել է աղանդերը։ Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ նման ֆանտաստիկ համ` խառնելով բողկը, նուշը և մեղրը», – ասաց Սարգսյանը։
Հայկական թիմը ոսկե մեդալ է ստացել «գաղտնի» մթերքներից պատրաստված ճաշատեսակի համար, այսինքն` երբ խոհարարներին առաջարկում են պատրաստել ինքնաբուխ և այն բաղադրիչներով, որոնց մասին նախօրոք չգիտեն։
Մեր թիմը պատրաստել է սաղմոնով աղցան, տավարի մսով սթեյք, կաթնաշոռով աղանդեր։
Հայ խոհարարները զուգահեռ Եգիպտոսում մասնակցել են մրցույթի, որտեղ զբաղեցրել են առաջին տեղը «Լավագույն ազգային ճաշատեսակ» անվանակարգում` Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արբի Կարախանին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց, որ բոլոր մասնակիցները և կազմակերպիչները հիացած են «Արցախի հագանի» ավանդական հայկական ճաշատեսակով։
«Մենք չգիտեինք, որ ընդհանրապես անցկացվելու է նման մրցույթ։ Պարզվում է, որ մեզ գնահատել են ժյուրիի 14 գաղտնի անդամներ», – ասաց Կարախանին։
Հայկական թիմը նվեր է ստացել ոսկեզօծ պատառաքաղներ և դանակներ` 8 կգ քաշով և ապակե արձանիկ։