Երևանի փողոցները գետերի են վերածվել, կամ ջուրը մտնողն անձրևից չի վախենա. տեսանյութ

«Անսպասելի» տեղացած հորդ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել Երևանի հատկապես կենտրոնական փողոցների երթևեկությունը։
Sputnik

Մայրաքաղաքում տեղացած կարկուտն ու հորդ անձրևը հեղեղումների պատճառ են դարձել։

Երևանցիները ստիպված են քայլել փողոցներով ու մայթերով հոսող ջրի հորդ շիթերի ու առվակների միջով։ Անձրևի ու կարկուտի պահին փողոցում մնացած երևանցիների ընտրությունը մեծ չէ` կանգնել ու թրջվել կամ անցնել փողոցով հոսող գետի միջով ու թրջել ոտքերը։

Հերթական «անսպասելի» տեղումները կաթվածահար են արել հատկապես կենտրոնական փողոցների երթևեկությունը։

Քաղաքի ջրահավաք համակարգը, ինչպես միշտ, այսօր էլ չի հասցնում կլանել ջուրը։ Գետերի վերածված անձրևաջուրը մնում է փողոցի երթևեկելի մասում։