ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:
Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մամուլի ծառայությունից։
Ակցիային միանալու մասին Սիմոն Մարտիրոսյանը մինչև Եվրոպայի առաջնություն մեկնելն էր տեղեկացրել, խոստացել էր վերադառնալուն պես Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել:
Այսօր նա այցելել էր կենտրոնի գրասենյակ և նախապես գնած գունեղ խաղալիքները հանձնել նրանց։
Նշենք, որ օրեր առաջ մարդասիրական ակցիային միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Բարեգործական այս ակցիային են միացել նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ: Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին: