Նոր տրանսպորտային ցանցի գոյությունը սարերի հետևում չէ՞. նախարարը բացում է փակագծերը

Միասնական տոմսային համակարգ է գործելու, և տոմս հնարավոր կլինի գնել նաև օն–լայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մայիսին կունենանք Երևանի ամբողջական ուղևորահոսքերի պատկերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` այս պահին ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում։

Այսքան երկար սպասել հնարավոր չէ. Մարությանն ասաց` ինչպես կլուծվի տրանսպորտի հարցը

«Փորձում ենք հասկանալ` ինչ փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախականությամբ պետք է շարժվեն դրանք։ Ուղևորափոխադրումների ինքնարժեքի գնահատում նույնպես կատարվում է։ Այս պահին ինֆորմացիան հավաքագրման փուլում է, և շուտով կունենանք ամբողջական պատկեր»,–ասաց նախարարը։

Ըստ նրա` միասնական տոմսային համակարգ է գործելու, և տոմս հնարավոր կլինի գնել նաև օն–լայն։ Բացի այդ, տրանսպորտային բոլոր միջոցների վրա տեղորոշող սարքեր կլինեն, որպեսզի ուղևորը կարողանա հետևել` որտեղ է տրանսպորտը և երբ կժամանի։

Նախարարը նշեց նաև, որ հին և նոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների տարանջատում չի լինելու, և եղած ուղևորափոխադրող ընկերությունները նույնպես կարող են մասնակցել առաջիկայում կայանալիք մրցույթին։

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք ինչ են լինելու այն ծրագրերը, որոնք նախկին իշխանությունների օրոք են դեռ սկսվել էին կյանքի կոչվել։ Ի պատասխան Արշակյանը նշեց, որ բոլոր ծրագրերը, որոնց կարիքը կա, շարունակվում են, և ոչ մի անհրաժեշտ ծրագիր կիսատ չի թողնվել։

Հիշեցնենք, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագիծը կազմվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ` դեռ նախկին իշխանությունների օրոք։