Հիթային սերիալի սցենար. ինչո՞ւ են Վերին Լարսում «խուզում» հայ վարորդներին

Հայ փոխադրողները և վարորդները կոչ են անում Հայաստանի իշխանություններին ավելի ուշադիր հետևել «Վերին Լարս» հսկիչ անցակետում տիրող իրավիճակին և նույնիսկ «վերակացու» նշանակել հայկական կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. «Վերին Լարս» հսկիչ անցակետն արդեն մի քանի օր է` վերածվել է փոքր Հայաստանի։ Եղանակային պայմանների պատճառով գոյացած բազմակիլոմետրանոց խցանումն ավելի է խորանում արհեստականորեն ստեղծված խնդիրներով։ Դրանում համոզված է փոխադրողներից մեկը` Վազգենը (անունը փոխված է)։ Նրա համար հսկիչ անցակետն արդեն չորս տարի է` տուն է դարձել։

Վերին Լարսի խնդիրը լուծվո՞ւմ է. նախարարն ասում է` դրական տեղաշարժ կա

Վազգենը վարորդի հետ Հայաստանից դուրս է եկել ապրիլի 13–ին, տղաները պետք է Ղազախստան հասցնեին 1,9 տոննա համակարգչային տեխնիկա։ Նրանք Վերին Լարսում տիրող իրավիճակի մասին պատմեցին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Մենք ռուսական կողմի վրա գտնվող հսկիչ–անցակետում ենք, առավոտից անձրև է։ Վերևում ձյուն է գալիս, և այդ պատճառով այսօր երկու ուղղություններով ճանապարհն ամբողջությամբ փակել են։ Բեռնատարները երկու շարք են կազմել, երրորդը զբաղեցնում են մարդատար մեքենաները», – ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ իրավիճակն այնքան վատ է, որ նույնիսկ ճաշարանում ուտելիք չի մնացել։ Վազգենը եղանակային պայմանների պատճառով առաջացած խցանումները տանելի է համարում, ավելի վատ է, երբ դրանք արհեստականորեն են ստեղծվում։

Նա վստահ է, որ հսկիչ–անցակետում ստեղծվել է օդից գումար վաստակելու հստակ մեխանիզմ։ Տղաներն ընկել են արկածների մեջ դեռ հայ–վրացական սահմանին։ Բրոկերի անփութության պատճառով, որը ձևակերպում է փաստաթղթերը, նրանց մոտ բեռի քաշի ավելցուկ է եղել։ Դրա  համար նրանք «Սադախլո» հսկիչ անցակետում վճարել են մոտ 223 դոլար տուգանք։

Ցորենը Վրաստանից անիվներով, թե ռելսերով. ո՞րն է Հայաստանի համար շահավետ ուղին

«Ստիպված էինք գիշերը ապրանքներից հանել կապարակնիքները` ցույց տալու համար, թե ինչ ենք տանում։ Մենք մի կերպ վճարեցինք, նորից կպցրեցինք կապարակնիքները և մեկնեցին այն հույսով, որ մեր արկածներն այդքանով ավարտվել են», – ասաց Վազգենը։

Նրանք հասել են «Վերին Լարս»։ Այնտեղ նրանց ասել են, որ բեռի քաշի ավելցուկ կա, հետևաբար պետք է փող տան «վարսավիրին»։ Այն հարցին, թե ով է «վարսավիրը», նրանց խորհուրդ են տվել հարցնել վարորդներից։ Պարզվել է, որ «վարսավիրը» չգրված պաշտոն է հսկիչ անցակետում, նրա աշխատանքը վարորդներին «խուզելն» է. այսինքն` վարորդները հենց նրան են փող տալիս։

«Բազմակիլոմետրանոց հերթի պատճառով վարսավիրին հաջողվեց հանդիպել միայն հաջորդ օրը։ Բոլորը մերոնք են` հիմնականում Հայաստանից եկած վարորդներ, հերթի մեջ խցկվելն անհնար է», – ասաց Վազգենը։

«Վարսավիրից» հետո նրանց նոր անակնկալ է սպասվում` խափանում ցանցում։ Համակարգը ցույց չի տվել, որ նրանք եղել են հսկիչ անցակետի ռուսական հատվածում և նրանք ստիպված են եղել հետ գնալ տարանցիկ գոտի` նորից գալու համար։

Հայ փոխադրողների համար ի՞նչ կփոխվի. Վրաստանը ցորենի տարանցման նոր կանոններ է մտցրել

Սակայն հսկիչ անցակետ մտնելու նրանց փորձը ձախողվել է։ Այս անգամ նրանց կանգնեցրել են ճանապարհային ոստիկանները և սկսել հարցուփորձ անել, թե ինչ են տանում, ինչ նպատակով։ Մի շարք բացատրություններից հետո, որ նրանք պետք է ձևականորեն հատեն սահմանը խափանման պատճառով, նրանք կանչել են քաղաքացիական հագուստով մի մարդու։

«Նրանք մեզ հրահանգեցին բեռնաթափել ամբողջ ապրանքը և ցույց տալ, թե ինչ կա արկղերում, իսկ հետո գնալ նրա մոտ։ Մեզ ստիպեցին բանվորներին վճարել 30 հազար ռուբլի, որպեսզի նրանք դա անեն մեր փոխարեն։ Մեզ մերժեցին, երբ ասացինք, որ մենք ինքներս դա կանենք, ասացին, որ չի կարելի», – պատմեց Վազգենը։

Այդ ընթացակարգերից հետո ապրանքով բեռնված մեքենան ուղարկել են ռենտգենի։ Վազգենին և նրա վարորդին միայն այդ ժամանակ են թույլ տվել ստուգում անցնել, նա դեռ չգիտի, թե հետագայում ինչ կլինի և իրենց ուր կուղարկեն. այս ամենին էլ կգումարվեն նաև եղանակի քմահաճույքները։

«Այստեղ գները շատ բարձր են, օդանավակայանի նման, դրան գումարած մենք ստիպված ենք տաքսիով հասնել հյուրանոց, որպեսզի գիշերենք և հետ գանք։ Մեքենայի մեջ չենք կարող քնել, քանի որ մեր մեքենան գազելի չափ է, այլ ոչ թե բեռնատար, ինչպես մյուսներինը», – ասաց Վազգենը։

Հաջորդ տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ. նախարարը խոստացավ

Նա բողոքում և կոչ անում Հայաստանի իշխանություններին զբաղվել այս հարցով։ Նրա կարծիքով, որի հետ համաձայն են բազմաթիվ այլ վարորդներ, Հայաստանը պետք է սեփական ներկայացուցիչն ունենա «Վերին Լարս» հսկիչ անցակետում. դա կարող է օգնել նեղն ընկած հայ վարորդներին։

Իր հերթին «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ խնդիրները տարբեր են լինում, սակայն իրենց ընկերության վարորդները նման խնդիրների հետ չեն բախվել։

«Ճանապարհին ամեն բան կարող է պատահել, ինչը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Չեմ կարծում, որ այնտեղ խնդիր կա, որը կարող է խանգարել։ Մենք երբեք չենք նկատել կանխակալ վերաբերմունք մեր կամ ուրիշ վարորդների նկատմամբ», – ասաց Բաղդասարյանը։

Նա գլխավոր խնդիրը համարում է հսկիչ անցակետի աշխատանքի խափանումները։ Այն հարցին, թե պե՞տք է արդյոք Հայաստանի ներկայացուցիչ «Վերին Լարսում», Բաղդասարյանը նշեց, որ չի աջակցում այդ գաղափարին։

ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում և Վրաստանում լավ բան չի բերի Հայաստանին․ Հարությունով

«Նա ի՞նչ է անելու, ի՞նչ խորհուրդ է տալու։ Առավել արդյունավետ կլինի հայ վարորդների համար առանձին միջանցք ստեղծելը, որպեսզի նրանք օրերով չմնան հերթերի մեջ», – ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, որ մինչև հիմա տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը ոչ մի անգամ չի այցելել իրենց ընկերություն, չի հետաքրքրվել, թե ինչպիսի բարդությունների հետ են բախվում փոխադրողները ճանապարհներին, ինչով կարելի է օգնել, որտեղ կարելի է ներկայացուցիչ ունենալ` խնդրի լուծման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը` ավելի քան 80 տոկոսը, իրականացվում է Ռուսաստանից` «Վերին Լարս» հսկիչ անցակետով։