Արցախի հետ հեռախոսային կապի սակագները կնվազե՞ն. կառավարությունն աշխատում է այդ ուղղությամբ

Հակոբ Արշակյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ վերջին տարիներին Արցախի և Հայաստանի միջև ռոումինգ ծառայությունների գները ավելի քան 7 անգամ նվազել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունում քննարկվել է ԼՂՀ–ի հետ ռոումինգ ծառայությունների սակագների հարցը։ Այսօր ԱԺ–ում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը։

«Արցախում բջջային կապի մենաշնորհ և գնի իջեցման խնդիր կա». Փաշինյան

«Որպես կանոն ռուումինգի պայմանավորվածությունը ձեռք է բերվում երկու կապի օպերատորների միջև։ Այսինքն` Արցախում «Ղ–տելեկոմ»–ի և մեր տեղական օպերատորների միջև։ Վերջին տարիներին ռոումինգի ծառայությունները 145-232 դրամի միջև է տատանվել, որը հիմա իջել է և դարձել 25-45 դրամ` կախված օպերատորից»,– ասաց նախարարը։

Հակոբ Արշակյանը շեշտեց, որ այս հարցը ոչ այնքան օպերատորների, որքան միջպետական կարգավորումների խնդիր է, որի շուրջ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում։