ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Մեծամորի ատոմակայանն առաջին անգամ առանձին տաղավարով ներկայացել է Սոչիում ընթացող «Ատոմէքսպո» միջազգային ֆորումում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակից Արամ Գարեգինյանը Սոչիից։
Ֆորումը մեկնարկել է ապրիլի 15-ին քաղաքի մեդիակենտրոնում` հայտնի Օլիմպավանում։
Ստենդի վրա մանրամասն տեղեկություններ կան հայկական ատոմակայանի աշխատանքի, ինչպես նաև այնտեղ անցկացվող նորոգման մասին։ Կայանն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը։ Իսկ վերանորոգման արդյունքում ատոմակայանի աշխատանքն ավելի արդյունավետ կլինի։ Հզորությունը 390 ՄՎտ–ից կհասնի 450 ՄՎտ–ի, նույն քանակի վառելիքից ատոմակայանը կկարողանա ավելի շատ էլեկտրականություն արտադրել։
Սարքավորումների առաջատար մատակարարները կարողացել են ծանոթանալ հայ գործընկերների հետ (հնարավոր գնորդների)։
Կայանում երկու տուրբոագրեգատից մեկն արդեն փոխվել է (տուրբոագրեգատը կազմված է տուրբինից ու գեներատորից)։ Երկրորդը, որը փոխվելու է այս տարի, արդեն կայան է բերվել։ Նոր էլեկտրոնիկա ու ավտոմատիկա է բերվել նաև կառավարման վահանի համար։ Այլ կերպ ասած` հիմնական գնումներն արդեն արվել են, բայց դեռ ուրիշ սարքավորումներ էլ են պետք, և դեռ բավականին աշխատանք կա անելու (ներառյալ` սարքավորման մոնտաժը)։
Նշենք, ոչ նորոգումման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած արտոնյալ վարկով։ Միաժամանակ ռուսական կողմը չի պահանջում, որ միայն իր սարքավորումները մատակարարվեն։ Գնումներն ընտրվում են տենդերով, իսկ մատակարարումների մի մասը բաժին է ընկնում արտասահմանյան ընկերություններին։
Երեկ Ատոմակայանի ղեկավարները հանդիպումներ են անցկացրել «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում մի շարք կարևոր հարցեր են քննարկվել։
Մասնավորապես, հայկական կողմը քննարկում է` ինչպես կարելի է ամրացնել կայանի ռեակտորի կորպուսի պատերը։ Դա կօգնի ավելի երկարացնել ատոմակայանի կյանքը։
Միաժամանակ հայկական ատոմակայանը փորձի փոխանակման առումով ասելիք ունի։ 1995 թվականին Հայաստանն աշխարհում առաջիններից էր, որ 6,5 տարի դադարից հետո վերագործարկեց ատոմակայանը։ Այն ժամանակ կայանում բոլոր հիմնական հանգույցների ուսումնասիրություն անցկացվեց, տեղացի էներգետիկներին օգնեցին ֆրանսիացի ու ռուս մասնագետները։ Նոր, մանրամասն ուսումնասիրություն է անցկացվել նաև հիմա` «Ռոսատոմի» աջակցությամբ։ Հայ մասնագետները պատրաստ են իրենց փորձը ներկայացնել գործընկերներին։
«Ատոմէքսպո» ամենամյա ֆորումն անցկացվում է «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի աջակցությամբ։