Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք

Արա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ հանդիպում են և՛ հակատանկային, և՛ հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայ սակրավորները Սիրիայում ականազերծվել են 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը», որն ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ:

Հալեպի հայերը վերադառնում են խաղաղ կյանքին. ՀՀ դեսպանը` Սիրիայի իրավիճակի մասին

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները:

Արա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ հանդիպում են և՛ հակատանկային, և՛ հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ընդհանուր առմամբ՝ 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը մեկնել է Սիրիա։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։