Վրաստանի անձնագիր ստանալն ավելի հեշտ կդառնա. ինչի մասին է խոսել Զուրաբիշվիլին Ջավախքում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցելությունը հայաբնակ Սամցխե–Ջավախեթիի շրջան կարևոր իրադարձություն է։ Հաջողվեց բարձրաձայնել տեղի հայերի համար գլխավոր խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրացերենի չիմացությունն այսուհետ Վրաստանի քաղաքացիություն ստանալիս խոչընդոտ չի հանդիսանա։ Վրացական անձնագիր ստանալու ընթացակարգը պարզեցնելու մասին նախաձեռնությամբ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը։

Այս հարցը Մկոյանը բարձրացրել է ապրիլի 13-14-ը հայաբնակ Սամցխե–Ջավախեթիի շրջան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու այցի ժամանակ։ Նախագահը այցելել է շրջան` մասնակցելու «Մայրենի լեզվին» նվիրված տոնակատարությանը։

Մելիքյան. ««Մայրենի լեզվի օրը» Վրաստանի նախագահի այցը Ջավախք պատահականություն չէր»

«40-ն անց մարդկանց դժվար է պետական լեզու սովորել։ Նրանք, ովքեր անցյալում Վրաստանի քաղաքացի են եղել և ցանկանում են վերականգնել քաղաքացիությունը, չեն կարող անձնագիր չստանան լեզվի չիմացության պատճառով», – ասաց Մկոյանը։

Պետական լեզվի իմացությունը գլխավոր պայման է Վրաստանի քաղաքացիության վերականգնման համար։ Այս հարցով դիմած անձինք, Վրաստանում բնակվելու և նախկինում քաղաքացիություն ունենալու փաստը հաստատող փաստաթղթերից բացի, քննություն են հանձնում երկրի պատմության և լեզվի իմացության վերաբերյալ։

Սակայն Սամցխե–Ջավախեթիի շրջանում բնակվող մի շարք էթնիկ փոքրամասնություններ, այդ թվում հայերը, պետական լեզվին չեն տիրապետում։

Մկոյանը նշեց, որ այդ հարցը բազմիցս բարձրաձայնել է նաև Վրաստանի խորհրդարանում։ Աշնանը նա իր թիմի հետ մտադիր է փոփոխություններ մտցնել «Քաղաքացիության մասին» օրենքում, մասնավորապես, փոխել վրացերենի պարտադիր իմացության մասին դրույթը։

Նախատեսվում է, որ 40-ն անց անձանց համար Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելիս պարտադիր չլինի պետական լեզվի իմացությունը։

Ջավախեթիում Զուրաբիշվիլին նաև բարձրաձայնեց վրացերենի իմացության հարցը։ Նա կոչ արեց տեղի բնակչությանը սովորել վրացերեն գոնե այնքան, որը թույլ կտա քաղաքացիություն ստանալու համար քննություն հանձնել։

Սրբապղծություն մատուռում. Վրաստանի ՆԳՆ–ն հետաքննում է Ջավաքի միջադեպը. տեսանյութ

Մկոյանի խոսքով` «նախագահն ամեն ինչ ճիշտ է ասել»։ Ինքն էլ մեծացել և սովորել է Եվրոպայում։ Այդ երկրներում, օրինակ, Գերմանիայում կամ Ֆրանսիայում, քաղաքացիություն ստանալու համար պետք է տիրապետել պետական լեզվին։

«Զուրաբիշվիլին նաև նշել է, որպեսզի բնակչությունը պետական լեզվի տիրապետի անհրաժեշտ է ուժեղացնել վրացերենի ուսուցման ծրագրերը մանկապարտեզներում և դպրոցներում», – ասաց Մկոյանը։

Այդ նպատակով Ախալքալաքում մոտ ժամանակներս նախատեսված է վրացալեզու մանկապարտեզ բացել։ Այցի շրջանակում բարձրացվել են նաև դպրոցների և ճանապարհների վերանորոգմանը վերաբերող հարցեր։

Մկոյանը նշեց նաև, որ մայիսին Դիլիջանում նախատեսված հայ–վրացական բիզնես–ֆորումի ժամանակ, հավանաբար, տեղի կունենա նաև բարեկամության միջխորհրդարանական խմբի առաջին նիստը։ Ավելի ուշ նախատեսված է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի այցը Երևան։

Հիշեցնենք, որ վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ Վրաստանի պատվիրակության առաջին պաշտոնական այցը Երևան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 10-ին։ Ավելի վաղ, 2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր առաջին պաշտոնական այցով Թբիլիսի այցելել։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ վրացական պատվիրակության առաջին պաշտոնական այցն էլ Հայաստան տեղի ունեցավ 2019 թվականի մարտի 13-14-ը։