«Կրիվոյ» ու «Սիլաչի» թաղամասերը երևակայելու առիթ էին տալիս ռուսական դպրոցում սովորող տղային։
Նրան թվում էր, որ այնտեղ անթև շապիկներով ու վառ արտահայտված մկաններով մարդիկ են շրջում ծուռ փողոցներում։ Մանկական խաղերից ամենաշատը տպավորվել է իր ու ընկերների հորինած «բեսեդկի ֆուտբոլը»։
Երեխաները զրուցարանում նստած փորձում էին գնդակը գլորել միմյանց նստարանների տակ։ Ասում է, որ շատ ոգևորված ու մեծ արագությամբ էին խաղում։ Վնասվածքներ էլ էին լինում, երբ ոտքը դիպչում էր մետաղյա սյանը կամ դուրս ցցված մեխերին։
Արմենն իր մանկության գյուտերից է համարում նաև տղաների ու աղջիկների շփման միջոցը։ Հիշում է` ինչպես էր նամակ գրում ու հավանած աղջկա լուսամուտից ներս գցում։ Որպեսզի ապակին չկոտրվի, նա քարի փոխարեն լվացքի ամրակներ էր օգտագործում։ Հենց մանկական վառ հիշողություններն են օգնել Արմենին աշխատել «Մեր բակը» ֆիլմի սցենարի վրա։
Այդ ֆիլմը 90–ականների կեսին իսկական իրարանցում էր առաջացրել Հայաստանում։
«Տարիներ անցան» ռադիոնախագիծը նվիրված է փողոցային խաղերին ու բակային մոռացված ավանդույթներին, հին հարևաններին, դպրոցական կյանքին ու անցյալի այլ պատմություններին։