Փորձեն մոտեցնել դիրքորոշումները. Փաշինյանը խոսեց ԱԳ նախարարների հանդիպման ակնկալիքներից

Մոսկվայում կայացած Մնացականյան–Լավրով–Մամեդյարով հանդիպման ակնկալիքներից է լրագրողների հետ զրույցում խոսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների այսօր կայացած հանդիպումից ակնկալում են, որ այն հանձնարարականը, որ մենք` Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք Արտաքին գործերի նախարարներին կկատարվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այսօր Մոսկվայում կայացած Մնացականյան–Մամեդյարով հանդիպմանը։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

«Իսկ դա նշանակում է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում մեր քննարկած օրակարգերի շուրջ քննարկումներ պետք է ունենան և փորձեն մոտեցնել դիրքորոշումները»,–ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով` ինչու է Լավրովի միջնորդությամբ և Ռուսաստանում կայանում հանդիպումը հարցին` Փաշինյանը նշեց, որ այդտեղ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի 3 երկրներից է։

«Այդպիսի պրակտիկա եղել է, կարող է լինել հանդիպում և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի ԱԳ ղեկավարների միջնորդությամբ»,–նկատեց ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել  է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

​Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։