ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Կառավարությունը շատ երկար է մտածել կառուցվածքային փոփոխությունների նախագծի վրա։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
Նա հայտնեց նաև, թե առաջարկվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քանի մարդ կկորցնի աշխատանքը։
«Նախարարությունների միաձուլումից հետո կրկնվող ստորաբաժանումների քանակը կկրճատվի, որի ցուցանիշն էլ գնահատվում է մի քանի հարյուր»,- ասաց Զեյնալյանը։
Կրճատվելու են հիմնականում նախարարների տեղակալների, խորհրդականների, խոսնակների հաստիքները։
Զեյնալյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով` Կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, 2 փոխվարչապետներից և 12 նախարարից:
Նախագծով առաջարկվում է կառավարության կազմում ընդգրկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները։
Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Բացի այդ, վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կկազմակերպի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման աշխատանքները։