ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Բյուրականում «Չրի տան» յուրաքանչյուր այցելուն պարտավոր է հենց շեմից մի կտոր պոկել «երազանքի սուջուխից» և ուտել այն՝ երազանք պահելով։ Այդ քաղցր վայրի տիրուհին՝ Ծովիկ Հովհաննիսյանը (Օհանյան) հավատում է, որ երազանքները կատարվում են, բայց դրա համար պետք է համարձակ լինել և անդադար աշխատել։
Հենց անխոնջ աշխատանքն էլ նրա ընտանիքում երկար տարիներ եղել է գլխավորը։ 1989թ․-ին, երբ նրանք պետությունից հողատարածք են ստացել, շատ դժվար է եղել։ Սկզբից Հովհաննիսյանները զբաղվել են տարածքն ահռելի քարերից և շինարարական աղբից մաքրելով, իսկ դրանից հետո այգի են տնկել։ Սակայն ընդամենը մեկուկես տարի առաջ է սկսվել սեփական բերքի վրա հիմնված արտադրությունը, երբ ելակն աճել է ջերմոցներում։ Հիմա ընտանիքն արդիականացնում է տեխնոլոգիաները և հույս ունի ստանալ մոտ տասը տոննա էկոլոգիապես մաքուր բերք։
Հովհաննիսյանը հավատում է, որ բիզնեսը կարող է լավ շահույթ բերել, չէ՞ որ տվյալ պահին չորացրած ելակի մեկ կիլոգրամն արժե մոտ 200 դոլար, բացի այդ բրիտանական շուկա արտահանելու հնարավորություն կա։
«Պատկերացրեք, որ լոնդոնյան սրճարանում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ թեյ են խմում՝ պատրաստված Բյուրականում աճեցրած մաքուր ելակից։ Դա հիանալի է ու անհավանական գեղեցիկ», - նշում է արտադրության տիրուհին։
Բայց Ծովիկի համար կարևոր է ոչ թե շահույթը, այլ բուն գաղափարը, չէ որ այն միավորել է ամբողջ ընտանիքին։ Երեխաների կրթության մեջ ներդրած միջոցները վերադարձել են նրանց ստեղծարար գաղափարների շնորհիվ։ Ընտանիքի բոլոր անդամներն իրենց ավանդն են ունենում բիզնեսի զարգացման գործում։ Որդին՝ Պողոսը, զբաղվում է նոր տարածքների շինարարությամբ, դուստրերից մեկը՝ գովազդով և մարքեթինգով, մյուսը՝ դիզայնով և այլ հարցերով։ Ամեն ինչ ղեկավարում է հենց Ծովիկը, իսկ նրա ամուսինն աջակցում է ամբողջ ընտանիքին։
Այժմ արտադրանքի տեսականին բավական լայն է. չորացրած ելակից բացի այստեղ կարելի է համտեսել չրերի շատ տեսակներ, ֆիրմային քաղցր սուջուխ, մեղրային խառնուրդը՝ ընկույզով և չրերով, մրգային օղի և նույնիսկ մարինացված սունկ։
Ընտանիքն անցկացնում է նաև թեմատիկ միջոցառումներ․ ելակի բերքահավաք` երեխաների համար, ավանդական արիշտա և տնական օղի պատրաստելու վարպետության դասեր` զբոսաշրջիկների համար, ուղղակի արտադրանքի համտես` բոլոր ցանկացողների համար։ Եվ այդ ամենը` մատչելի գներով։
«Գլխավորը գործին սիրով վերաբերվելն է։ Երբ մենք նոր էինք տեղափոխվել, բոլորն ասում էին, թե ինչ սարսափելի վայր է` համարյա աղբանոց, և որ հողատարածքը հեռու է գյուղի գլխավոր ճանապարհից, իսկ ես պատասխանում էի` սա մեր տիեզերքի կենտրոնն է։ Հիմա այն իսկապես տիեզերքի կենտրոն է, ուր ժամանում են աշխարհի տարբեր անկյուններից, որպեսզի համտեսեն հայկական քաղցրավենիք և ոչ միայն», - պատմում է Ծովիկը։
Սեզոնին արտադրությունում աշխատում է մոտ 30 մարդ, իսկ ձմեռային շրջանում՝ 5-6։ Նրանք բոլորը տեղի բնակիչներ են, դա Հովհաննիսյանի սկզբունքներից մեկն է։ Նրանք այդպես են կատարում սոցիալական պարտավորությունները, որոնք ինքնակամ վերցրել են իրենց վրա։ Բացի այդ, ընտանիքը ամբողջ անհրաժեշտ մրգերը և բանջարեղենը գնում է տեղի բնակիչներից՝ այդպիսով իր ավանդն ունենալով Բյուրականի զարգացման մեջ։