ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Ամեն ձեռագիր մարդու պես իր ճակատագիրն ունի։ Հայոց հնագույն ձեռագրերի ճակատագիրը նման է հայի ճակատագրին` տարագրություն, կորուստներ, վերադարձ հայրենիք։ Հայոց ձեռագիր արժեքներին այս բնորոշումն է տալիս Երևանի Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ձեռագրերի ուսումնասիրությանը:
Այս նույն ճակատագրով, 100-ամյակների դեգերումներից հետո անցյալ տարի Հայաստան հասան 3 արժեքավոր ձեռագրեր` «Հայսմավուրքը», Սարգիս Շնորհալու «Մեկնությունը» և «Գանձարանը»։
Դրանցից ամենահինը, ամենաարժեքավորն ու ծավալով ամենամեծը 12-րդ դարի հեղինակ Շնորհալու «Կաթողիկյա թղթերի մեկնությունն» է։
Մյուս երկուսը` «Գանձարանն» ու «Հայսմավուրքը,» 15-րդ դարում գրված ձեռագրեր են։ «Գանձարանում» տոնակարգով գրված չափածո գործեր են, որոնք ընթերցվում և երգվում էին եկեղեցում։ «Հայսմավուրքը» ևս ծիսամատյան էր, որը պարունակում էր տարվա յուրաքանչյուր օրը նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանությունները, վարքերը, տերունական տոների մասին հոդվածներ, տոնախոսություններ։ Այս ձեռագիրը նախատեսված էր եկեղեցական ամենօրյա ժամերգություններին ընթերցելու համար։
«Մենք այս ձեռագրերի մասին գիտեինք 1907թ–ին արված նկարագրություններով։ Էջմիածնական մի վարդապետ` Ագուլիսի Սբ. Թովմա Առաքյալ վանքի առաջնորդը, նկարագրել է այդ ձեռագրերը, և նկարագրությունները, փառք Աստծո, պահպանվել են։ Հիմա, երբ բնագրերը եկան, նկարագրությունները դրանցով ամբողջանում են, մեր պատկերացումներն ավելի հստակ են դառնում»,– պատմում է Մատենադարանի գլխավոր ավանդապահը։
Բոլոր երեք ձեռագրերը ժամանակին պահվել են Ագուլիսի Սբ. Թովմա Առաքյալ վանքում, բայց ուղիղ մեկ դար առաջ Ագուլիսից տարվել են Թավրիզ, ավելի ուշ իրենց փրկիչների հետ հասել Բեյրութ, այնտեղից էլ` Հայաստան։
«1918թ–ի վերջին Ագուլիսում տեղի ունեցած ջարդի ու հայկական թաղամասի հրդեհի հետևանքով Ագուլիսի Սբ. Թովմա Առաքյալ վանքի ձեռագրական հավաքածուն ցանուցիր էր եղել։ Վանքն առաջնորդանիստ էր, այսինքն` Նախիջևանի գավառի եկեղեցական կենտրոն։ Վանքի գրապահոցում 100–ից ավելի ձեռագրեր կային։ Դրանցից տարբեր տեղեր ընկել են առանձին հատիկներ։ Մեծ մասը մեզ չի հասել»,– ասաց Տեր–Վարդանյանը։
Ինչպես և ում ձեռքով են փրկվել անցած տարի Հայաստան բերված ձեռագրերը, հայտնի չէ։ Տեր–Վարդանյանը ենթադրում է, որ, ինչպես շատ այլ հնագույն ձեռագրեր, այնպես էլ այս երեքը կարող էին Թավրիզ հասնել Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական իշխանությունների ձեռքով, որոնք անցել են Արաքսն ու ապաստան գտել Թավրիզում։
Հայտնի է միայն, որ Թավրիզում այս ձեռագրերն ընկել են Մելքոն Հակոբյանի ձեռքը։ Նրանից անցել են որդուն` Էմիր Հակոբյանին, որը պարսկական բանակի գնդապետ էր։ Նրա անձնական արխիվի շատ այլ նմուշներ էլ տարիներ առաջ են բերվել Հայաստան ու հիմա պահվում են Մատենադարանում։
Ծանր ճանապարհ անցած, պատմություն ունեցող գիրքը շատ հաճախ կազմ չի ունենում, մասնատված է լինում, որոշ հատվածներ երբեմն նույնիսկ անհետ կորչում են։ Հիմնականում կորստի են մատնվում գրքերի սկիզբն ու վերջը` հիշատակարանը և կազմը։
Գևորգ Տեր-Վարդանյանը նշում է, որ նման ճակատագիր են ունեցել նաև Հայաստան հասած 3 վերոհիշյալ գրքերից 2-ը։
«Հայսմավուրքն ու Սարգիս Շնորհալու մեկնությունը անկազմ են։ Չափերով մեծ են, մոտավորապես A3 ֆորմատից քիչ ավելի մեծ թղթի չափով` 21x 42։ Կազմից բացի, դրանցում նաև սկզբից ու վերջից որոշ մասեր պակասում են։ Գանձարանի կազմը պահպանված է։ Այն թեև չափերով զիջում է մյուս երկուսին, բայց ոչ արժեքով»,– ասաց Տեր– Գրիգորյանը։
Նրա խոսքով` որպես կանոն, հայոց ձեռագրերի մասնատումը մեկնաբանվում է Ցեղասպանության ժամանակ, գաղթի ճանապարհներին դրանց տեղափոխումը հեշտացնելու ցանկությամբ։ Նման մի պատմություն է վերագրվում նաև Մատենադարանում պահվող հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագրին` «Մշո ճառընտիրին»։ Տեր–Գրիգորյանի խոսքով, սակայն, դա լոկ առասպել է, իրականում ձեռագիր մատյանը կիսվել է 1828թ–ին։
«Կիսողը եղել է Մշո Առաքելոց վանքի վանահայր Հովհաննես Մուրադյան Վարդապետը։ Կիսել է, որպեսզի հեշտ ու հնարավոր լինի բարձրացնել և դնել գրակալի վրա` եկեղեցում կարդալու համար»,– ասաց նա։
«Հայսմավուրքը», Սարգիս Շնորհալու մեկնությունն ու «Գանձարանը» շուրջ 1 տարի առաջ Երևանի Մատենադարանին է նվիրել Համազգային հայ կրթական և մշակութային միությունը` 14-20-րդ դարերի արժեքավոր այլ 24 ձեռագրերի հետ։
Այս նվիրատվությունը ամենախոշորն էր Երևանի Մատենադարանի վերջին 15 տարվա պատմության ընթացքում:
Ընդհանուր առմամբ 2018թ–ին Մատենադարանը 51 նոր ձեռագրեր է նվեր ստացել, որոնց թվում կան նաև այլ գրքերից ու այլ հնագույն ձեռագրերից պոկված պատառիկներ։
Հնագույն ձեռագրերի նվիրատվությունների այս բացառիկ զարթոնքը Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը պայմանավորում է նաև 2018թ–ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով ու համազգային միասնության զարթոնքով։