ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը խոստացավ երկուշաբթի հայտարարել իր հրաժարականի մասին։
Այս մասին գյուղապետը հայտարարեց բողոքի ակցիայի ժամանակ` ընդառաջ գալով իր հրաժարականը պահանջող համագյուղացիներին։
Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ ասելիքը կասեմ»։
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։
Հիշեցնենք` այսօր առավոտյան գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր էին արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։
Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով կրակել էր օդ։ Ոստիկանության ծառայողները կանխել էին հնարավոր արյունահեղությունը' հանդարտեցնելով գյուղում ոտքի կանգնած զանգվածներին։ Կան բերման ենթարկվածներ, մի քանի հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Գյուղի բնակիչների մի մասը փակել էին գյուղի սկզբնամասում գտնվող Երևան-Գյումրի երկաթգիծը և պահանջում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։
Նախնական վարկածով` կրակողը եղել է գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը։