ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապրիլի 10-ից 13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի 12-րդ նիստի աշխատանքներին հայկական կողմից ներգրավվել են պաշտպանության նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են հանձնաժողովի 11-րդ նիստի որոշումների կատարմանը, ռուսական կողմին հանձնված և հանձնման ենթակա ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման կետերի անվանացանկին համապատասխան ռազմավանների օգտագործման իրավունքի գրանցման վկայականների համադրմանը, ռուսաստանյան ռազմակայանի տեխնիկայի ուժերով Գյումրիի քաղաքային ճանապարհների հատվածների նորոգման համար օգնության ցուցաբերմանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ռազմավանների գործունեությանն առնչվող այլ հարցեր:
Միջպետական հանձնաժողովի անդամները դիտարկման նպատակով այցելել են նաև ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան:
Ապրիլի 12-ին անցկացված ամփոփիչ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը:
Միջպետական հանձնաժողովը կազմավորվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» 1996թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի համապատասխան: