ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Հայ-ռուսական միացյալ զորախմբի ստորաբաժանումները ապրիլի 4–ին Հայաստանում` մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում, անցկացրին մարտավարական զորավարժությունների եզրափակիչ փուլը։ Զորավարժություններին հրամանատարական կետից հետևում էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Զորավարժություններին մասնակցում էին մոտ 1500 զինծառայող ու ռազմական տեխնիկայի ավելի քան 400 միավոր` ավիացիա, հրետանի, այդ թվում` ռեակտիվ, զրահատանկային զորքեր և այլ միավորումներ։
Զորավարժությունների սցենարը նախապես ծրագրված չէր. զինծառայողները հանձնարարություններ էին ստանում մարտական իրադրության զարգացմանը զուգահեռ։
Ամփոփելով զորավարժությունների արդյունքը` Հայաստանում 102-րդ ռազմակայանի հրամանատարը` գնդապետ Վլադիմիր Ելկանովն ընդգծեց, որ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները, ՀՀ ԶՈւ–ի զորամասերի հետ համագործակցելով, բարեհաջող կատարել են իրենց առջև դրված մարտական բոլոր խնդիրները։
«Կարծում եմ` բոլոր խնդիրները կատարվեցին։ Մենք ինքներս տեսանք համագործակցության մակարդակը, երբ միասնաբար են գործում Ռուսաստանի ու Հայաստանի զինված ուժերը», – ասաց Ելկանովը լրագրողներին։
Երկու երկրի գործողությունների համակարգվածության մասին խոսեց նաև խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։
«Հրամանատարներից ոչ ոք չգիտեր իր գործողությունների մասին։ Բոլոր հրամանները մարտի ընթացքում էին գալիս։ Չնայած դրան` զինվորականները բարձր մակարդակով կատարեցին իրենց խնդիրները։ Ո՛չ զորավարժությունների նախնական փուլում, ո՛չ մարտական հրաձգության փուլում խոչընդոտներ չառաջացան», – ասաց նա լրագրողներին։
Գեներալ-մայորի խոսքով` միացյալ խմբավորումը գործեց մեկ օրգանիզմի պես, կարողացավ տապալել պայմանական հակառակորդին ու գրոհի անցնել։ Փարվանյանը նշեց նաև, որ առաջին անգամ օգտագործվեցին ռադիոէլեկտրոնային պայքարի եզակի միջոցներ։
Առանձնահատուկ վարպետություն ցուցադրեց կործանիչ և ուղղաթիռային ավիացիան։ Կործանիչների էսկադրիլիան փակեց զորավարժարանի օդային տարածքը, հետո օդային մարտ վարեց պայմանական հակառակորդի հետ, որը փորձում էր հարված հասցնել զորքերի դիրքերին։
Էրեբունիում ռուսական ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովի խոսքով` օդաչուները ցուցադրեցին օդային մարտի հնարքները` «հյուսվածք», «հանգույց», մարտական պտույտներ։
Երկրորդ խումբն էլ Մի–8–ով ու Մի–24–ով կատարեց երկրային թիրախների կրակային վարվածների խնդիրները։ Պետրովի գնահատմամբ` բոլոր հնարքները շատ լավ կատարվեցին, բարձր մակարդակ ցույց տվեցին ինչպես հայ, այնպես էլ ռուս օդաչուները։