Սիրել Երևանը և պաշտել Փարիզը. ինչպիսի՞ անակնկալներ կլինեն ֆրանսիահայ երգչուհու համերգին

Ֆրանսիայից ժամանած արտիստների` մայր և դուստր Ժաննա Բլբուլյանի և Նառա Նոյանի համերգը խոստանում է երկար հիշվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Սիրել Հայաստանը, անչափ կարոտել բեմը, ընկերներին ու հայկական հյուրընկալությունը և միաժամանակ աստվածացնել սիրո քաղաքը` Փարիզը։ Հենց այդ հակասության, ցավի և կարոտի մասին է դերասանուհի ու երգչուհի Ժաննա Բլբուլյանի «Գաղտնիքներիս արահետով» գիրքը։ Այդ մասին Բլբուլյանը պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»

Երգչուհին վերջին 30 տարին ապրում է Փարիզում, նրան ոգեշնչում է այդ քաղաքը։ Եվ նա որքան էլ կարոտի Հայաստանը, մտադիր է ապրել այնտեղ։ Երևան եկել է դստեր` երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի Նառա Նոյանի ու նրա որդիների հետ։

Ստեղծագործական ընտանիքն ապրիլի 13–ին համերգ կտա Երևանում` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, որը խոստանում է անմոռանալի լինել։

«Հիմնականում կհնչեն Նառայի հեղինակային կատարումները, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երգերը։ Համերգի շրջանակում կկայանա «Գաղտնիքներիս արահետով» գրքի շնորհանդեսը և ելույթ կունենա ջազային երգչուհի Նաիրա Մանուչարյանը», – ասաց Բլբուլյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում։

Նրա խոսքով` համերգը զարմանալի է նրանով, որ մայրն ու դուստրն առաջին անգամ կիսում են աֆիշը։ Նրանք հաճախ են ելույթ ունեցել միասին, սակայն կամ մայրն է հրավիրել դստերն իր համերգին, կամ հակառակը։

Նառա Նոյանը նշեց, որ գիրքը յուրահատուկ է, դրանում արտացոլված է հայրենիքի, բարեկամների, մտերիմների, ընկերների, թատրոնի կարոտը։

«Եթե դու չես կարող այդ ամենն արտահայտել բեմում, ապա հաղորդում ես գրչի միջոցով», – ասաց Նոյանը։

Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիյերի հայտնի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին

Այն, որ Փարիզն իր քաղաքն է, Բլբուլյանը հասկացել է մինչև այնտեղ հայտնվելը։ Հանգամանքների բերումով դերասանուհուն թատրոնում բաժին են ընկել ֆրանսուհիների դերեր։ Խորհրդային տարիներին նա եղել է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհին, խաղացել Սունդուկյանի անվան թատրոնում։

Բլբուլյանն առաջին անգամ Փարիզ է մեկնել դստեր հետևից, բայց միայն երեք ամսով։

«Ես անգիր գիտեի Փարիզը, այնքան դերերում էի խաղացել` կապված քաղաքի հետ։ Երեք ամսից վերադարձա Երևան։ Ես նախագիծ ունեի, պետք է խաղայի Մարինա Վլադի», – պատմեց Բլբուլյանը։

Մենաներկայացումը մեծ հաջողություն է ունեցել։ Բլբուլյանը երկրորդ անգամ Փարիզ է մեկնել ֆիլմերի նկարահանումների համար, որը նկարվել է Ֆրանսուազա Սագանի «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպի մոտիվներով, որում խաղացել է Նատալիի դերը։

Այդ շրջանում Հայաստանում գրեթե չեն խաղացել թատրոններում, լույսը ժամերով են տվել։ Բլբուլյանի ընկերները և ծանոթները խորհուրդ են տվել նրան մնալ Փարիզում։

Բլբուլյանը վերջին 30 տարիներն ապրում է Ֆրանսիայում, լեզուն չիմանալու պատճառով նա չի կարողացել շարունակել դերասանական կարիերան։