ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Դատավորը Գագիկ Պողոսյանն էր։
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 11–ին, Վերաքննիչ քրեական դատարանն էլ մերժել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:
Նախորդ տարվա հուլիսին ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։
2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: