Ավտոմաքսատանը կեղտոտված դրոշի պատմությունը հասավ իր տրամաբանական հաջորդ հանգրվանին, այնպես, ինչպես դա կլիներ, չափավոր ավտորիտարիզմի ցանկացած երկրում: Ստալինյան ժամանակներում, օրինակ, կարող էին թերացածներին «տրոյկայով» դատել ու հաջորդ օրն իսկ գնդակահարել: Հաջորդող տասնամյակներում կարող էին պարզապես կոմունիստական ընդունված մոտեցմամբ ասել՝ «դիմում գրի, գնա»:
Պետք է ուրախ լինել, որ ստալինյան ժամանակները խորը անցյալում են, Հայաստանում էլ, անկախության վերականգնումից ի վեր, մահապատիժ չի իրականացվել, իսկ մի 20 տարի առաջ էլ այդ պատժատեսակը, ինչպես հայտնի է, վերացվել է: Բայց վոլյունտարիզմը, լավ այսպես ասենք՝ պետական պաշտոնյաների, ղեկավարների կամայականությունը, կարծես, ցմահ է:
Ինչի՞ մասին է խոսքը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներ, որոնցից մեկում նկատել էր թափթփված վիճակ, նաև սենյակում տեղադրված պետական դրոշն էր ոչ պատշաճ տեսքով: Նա զայրացել է ու հայտարարել, որ այդ սենյակում աշխատող բոլորը դիմում գրեն, ազատվեն աշխատանքից: Այսինքն` կամովին գործազրկվեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկությունն իրականացված է, կարելի ասել, որ անարդարությունը վերացված է, իսկ արդարությունը՝ հաստատված: Համենայն դեպս, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ հարցուրատասխանի ընթացքում, ի մասնավորի, հայտարարեց.
«Այն ինչ-որ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, որոշակի մտքեր արտահայտեց, կոչ կամ հորդորներ արեց, այդ կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով: Նաև ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա նրանց ընտրությունն է»:
Իսկապե՞ս «դա նրանց ընտրությունն է»: Այսինքն` ինչպես հի՜ն ու բարի սովետական ժամանակներում էր արվում՝ «կամավոր-պարտադիր» սկզբունքով:
Չէ, մենք, օրինակ, պետական դրոշը պատշաճ վիճակում չպահած, իրենց աշխատավայրի մաքրությանը հետևելու կենցաղային շնորհք ու ինքնահարգանք չդրսևորած հայրենակիցների երեսը չենք պարզեցնում, այսինքն՝ նրանց արդարացնելու խնդիր չենք հետապնդում: Մանավանդ, որ իրենք ընդունել են, որ Նիկոլ Փաշինյանն արդարացիորեն է իրենց կարգադրել՝ հոժարակամ հեռանալ մաքսային ծառայությունից:
Ասում են` տասնամյակներ առաջ նույնիսկ եղել են մարդիկ, որ ընդունել են, որ իրենց արդարացիորեն են դատապարտում 20 տարվա աքսորի ու ոչ միայն:
Բայց նույնիսկ աշխատանքային կարգուկանոնը խախտելու, անպատշաճ վարքի ու պահվածքի համար պետք է համարժեք ընթացակարգ և պատասխանատվություն լինի: Այլապես այսօր այս մեկի պահվածքը դուր չեկավ, վաղը մյուսի՝ սանրվածքը կամ սափրվածքը, երրորդի կանգնած կամ նստած ձևը: Ու՝ դիմում գրի-գնա:
Ամենից ուժեղը ՊԵԿ նախագահի այսօրվա ասածն է. «ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում ամեն ինչի համար: Եթե ուզում կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ, հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն խոշոր կամ ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ պատասխանելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել, ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատել աշխատանքից»:
Այսինքն` ինչպե՞ս չունեն այդ իրավունքը: Հա՛մ չունեն, հա՛մ փաստորեն ազատեցի՞ն: Սա ի՞նչ փարիսեցիություն է, կներեք:
Ասում է, թե աշխատանքից ազատվելը տվյալ երկու մաքսավորների սեփական ցանկությունն է: Լո՞ւրջ եք ասում: Ինչպիսի՜ զուգադիպություն, որ այդ ցանկությունը հենց վարչապետի զայրալից կոչ-հորդորից հետո արթնացավ, այլ ոչ թե նրա այցելությունից մի 24 ժամ առաջ: Փաստորեն, ավտոմաքսատան պետն ու ևս մեկ ծառայող, վաղուց ու թաքուն երազում էին այդ անշնորհակալ աշխատանքից ազատվելու մասին, ուղղակի հարմար առիթ կամ պատրվակ չէին գտնում:
Ի դեպ, Դավիթ Անանյանին պետք է արժանին հատուցել այն առումով, որ ընդունում է՝ այդ ամենի, ներառյալ մաքսատանն արձանագրված ու Նիկոլ Փաշինյանին զայրացրած վիճակի համար ինքն է պատասխանատվություն կրում:
Այո, բայց ինքը դիմում չի գրելու, քանզի դա կդիտարկվի փախուստ` իր վրա դրված ահռելի պարտականություններից: Բայց Անանյանը հարգանքով է վերաբերվում շատ ավելի ցածր օղակի իր երկու աշխատակցի դիմում գրելուն, այսինքն՝ նրանց վրա դրված ոչ այդքան խոշոր ու ոչ այնքան ահռելի պատասխանատվությունից փախչելուն:
Հետաքրքիր է` իսկ ինչպիսի՞ն կլիներ ՊԵԿ նախագահի այսօրվա պատասխանը, եթե երկու օր առաջ վարչապետը զայրույթն ուղղեր այդ ամեն ինչի համար պատասխանատվություն կրող գերատեսչության ղեկավարին: Ենթադրենք, եթե ասեր՝ սա ի՞նչ վիճակ է, պարոն Անանյան, ձեր ղեկավարած կառույցի ծառայողներն այս ո՞նց են դիմավորում վարչապետին, սա ի՞նչ վերաբերմունք է պետական դրոշին… շտկեք, դիմում գրեք ու գնացեք: Այ, եթե այդ անկյան վրա դեպքերը զարգանային, ՊԵԿ նախագահն էլի՞ դիմում չէր գրելու և բավարարվելու էր իր ենթակաների աշխատանքային «ինքնազոհաբերությա՞մբ»:
ՊԵԿ նախագահը նկատեց՝ սենսացիա եք ուզում, այդ սենսացիան ասվեց: Ժամանակակից Հայաստանում, մանավանդ, ամենատարբեր պետական պաշտոնյաների ու պատգամավորների գործունեությունն ու հայտարարությունները նկատի ունենալով, «սենսացիա ուզելը», առավել ևս «սենսացիա փնտրելը» անիմաստ զբաղմունք է: Ինչը փնտրես և ինչու, եթե այն շուրջօրյա է և ամենուր: