Լոնդոնի դատարանը Ասանժին մեղավոր է ճանաչել. WikiLeaks–ի հիմնադիրը մնացել է կալանքի տակ

Դատարանում Ասանժը մի քանի անգամ կարճ պատասխանել է հարցերին։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը` ոստիկանությանը հանձնվելուց հրաժարվելու մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Լոնդոնի դատարանը մեղավոր է ճանաչել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժին` գրավի դիմաց դուրս գալու պայմանները խախտելու համար և նրա գործով հաջորդ լսումները նշանակել մայիսի 2-ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Ջուլիան Ասանժին ձերբակալելու կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

«Պարոն Ասանժ, դուք կալանքի տակ եք մնում մինչև հաջորդ լսումները։ Դրանք տեղի կունենան մայիսի 2-ին։ Դուք խախտել եք գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները», – ասաց գործն ուսումնասիրող Վեստմինստեր շրջանի դատարանի դատավորը։

Դատական նիստի ժամանակ Ասանժը մի քանի անգամ կարճ պատասխանել է հարցերին։ Մասնավորապես նա հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը` ոստիկանությանը հանձնվելուց հրաժարվելու հետ կապված մեղադրանքի մասով։

Ասանժին ձերբակալել էին հինգշաբթի առավոտյան Շվեդիայի և ԱՄՆ–ի օրդերներով։ Շվեդիայում նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործություններում, ԱՄՆ–ն նրան մեղադրում է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ դավադրություն իրականացնելու և նրա կողմից հափշտակած ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ։