Հայաստանն ու Չինաստանը իրենց երկինքը կբացեն միմյանց առջև

ՀՀ կառավարությունը կողմ է Չինաստանի հետ բաց երկնքի քաղաքականություն վարելու նախագծին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված «Օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրին։

Օդեսայից Երևան` 30 հազար դրամով. SkyUp լոուքոսթերի նոր չվերթը

Կառավարության համոզմամբ` համաձայնագիրը համահունչ է քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի իշխանությունների որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը։

Համաձայնագրով նախատեսվում է ազատականացնել ավիաընկերությունների առաջարկած տարողության, սակագների, չվերթերի հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները։ Սա, ըստ համաձայնագրի, կապահովի ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցությունը` միաժամանակ ապահովելով պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունների կատարումը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. սեպտեմբերի 15-ին։ Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

Չինական կողմը հայտնել է, որ համաձայնագիրը կվավերացնի առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։

Հայաստանում այն կվավերացվի, երբ խորհրդարանն ընդունի, իսկ հետո էլ ստորագրի ՀՀ նախագահը։