ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է Ղարաբաղ այցելու իրավունք ունենա. Յագլանդ

Յագլանդը նշել է, որ Եվրոպայի երկրների կառավարությունները պետք է նման մանդատ տան հանձնակատարին մարդասիրական դիտարկման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը պետք է իրավունք ունենա այցելելու Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում։

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ

Ինչպես նշեց Յագլանդը, ԵԽ մարդու իրավունքների կոմիսարիատը մարդասիրական կազմակերպություն է։ Ուստի անընդունելի է, երբ կազմակերպության ներկայացուցիչներին արգելում են մտնել Եվրոպայի որևէ տարածք, որտեղ խաղաղ բնակչություն է ապրում։

«Այսպես կոչված մոխրագույն գոտիները պետք է բաց լինեն կոմիսարիատի համար։ Մեզ համար նման մոխրագույն գոտիներից մեկը Ղարաբաղն է։ Եվրոպայի կառավարությունը պետք է հանդես գա հայտարարությամբ` հանձնակատարին մարդասիրական դիտարկման նպատակով նման այցելությունների մանդատ տրամադրելու համար», – հայտարարեց Յագլանդը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ անգամ կոչ է արել մարդասիրական կազմակերպություններին թույլ տալ մտնել Արցախի Հանրապետություն։