ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը Հայաստանից մեկնել է հանգստանալու։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սարգսյանի ավագ որդին` Հայկ Սարգսյանը։ Այդուհանդերձ, նա չհերքեց նաև, որ հայրն արտերկրում է կրտսեր եղբոր` Նարեկ Սարգսյանի գործով։
Հայկ Սարգսյանը պնդեց, որ տեղյակ չէ եղբորը Հայաստանին արտահանձնելու գործընթացից։ «Հեռախոսով այդ մասին, համենայն դեպս, չենք խոսում»,– ասաց նա։
Հայկ Սարգսյանը չհաստատեց ու չհերքեց նաև մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե եղբայրը դիմել է Չեխիայի իշխանություններին` իրեն քաղաքական ապաստան տրամադրելու համար։
Հայկ Սարգսյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում էր, որտեղ ընթանում էր նրա նկատմամբ դատական հերթական նիստը։
Հիշեցնենք` Հայկ Սարգսյանը կասկածվում է սպանության փորձի մեջ։
Քրեական գործը վերաբերում է 2007թ-ին։ Ըստ մեղադրանքի, 2007 թ.-ի ապրիլի 1-ին Ալեքսանդր Սարգսյանի տան մոտ հնչած կրակոցից ստացած վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ, 25-ամյա Դ. Սիմոնյանը։
Նույն օրը ոստիկանություն է ներկայացել Արթուր Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակը, որից արձակվել էր կրակոցը և հայտնել, որ այն գտել է մանկապարտեզի մոտից ու անզգուշությամբ կրակել ընկերոջ` Դ. Սիմոնյանի վրա։
11 տարի անց` 2018 թ.-ի հունիսի 29-ին, Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատախազություն՝ նշելով, որ իրեն կրակել էր ոչ թե Ա. Ղևոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։
Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ 2018թ.–ին քրեական գործ էր հարուցվել ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Դեկտեմբերի 6-ին Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում` Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով` Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ։
ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն 4 ամիս աշխատանքներ է տանում նրան Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։