Քոչարյանը ելույթ է ունեցել դատարանում. ե՞րբ կհրապարակվի կալանավորման վերաբերյալ որոշումը

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը խոսել է Ռոբերտ Քոչարյանի ելույթի և դատարանի որոշման հրապարակման օրվա մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը` ապրիլի 11-ին։ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ժամը 12:30-ին:

«Ռոբերտ Քոչարյանը շատ երկար, մանրամասն ելույթ ունեցավ, նկարագրեց մանրամասները», - քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում նիստերի դահլիճից դուրս գալով լրագրողներին ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Փաստաբանի խոսքով` Քոչարյանի ելույթում նորություններ չեն եղել։

«Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չի հնչել նախորդ դատավարությունների ժամանակ», - ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Այս հարցը փակում ենք ընդհանրապես. նախարարը` Ռոբերտ Քոչարյանին այցելելու մասին

Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Նախորդ տարվա հուլիսին Քոչարյանը ձերբակալվել է 2008 թվականի մարտին հանրապետությունում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Նախկին նախագահի փաստաբանները նրան քաղբանտարկյալ են համարում ու վստահեցնում, որ նրան առնչվող քրեական գործընթացները բացարձակ ապօրինություն են։

2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ: