Ջուլիան Ասանժը կարտաքսվի Էկվադորի դեսպանատնից. Wikileaks

WikiLeaks–ը հաղորդել է Ասանժին Էկվադորի դեսպանատնից անխուսափելի կերպով արտաքսելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ավստրալիացի և էկվադորցի լրագրող ու հաղորդավար, WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կարտաքսվի Էկվադորի դեսպանատնից մի քանի ժամից կամ օրից։ Այդ մասին հաղորդում է WikiLeaks–ը` հղում անելով էկվադորյան աղբյուրին։

Ասանժը նախօրեին հաղորդել է, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ սպառնալիքներ է ստանում։ Սպառնալիքները կապված են այն տեղեկատվական արտահոսքի հետ, որը կայքն ավելի վաղ հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության և մի շարք այլ հատուկ ծառայությունների գործունեության մասին։

Ասանժը Հայոց ցեղասպանության մասին փաստեր կներկայացնի նոր ֆիլմում

Լրագրողն արդեն վեցերորդ տարին է` ապրում է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ Սակայն 2018թ.–ի մարտին այդ երկրի իշխանությունները զրկել են Ասանժին համացանցից օգտվելու հնարավորությունից` հայտարարելով, որ նա խառնվում է մյուս երկրների գործերին։

Ասանժը չի կարող լքել դիվանագիտական առաքելության տարածքը, քանի որ վախենում է Շվեդիայի հարցումով կալանավորվելուց և հետագայում ԱՄՆ արտահանձնվելուց։

Իր հերթին ամերիկյան իշխանությունները մեղադրում են Ասանժին պետդեպարտամենտի  գաղտնի նյութերը հրապարակելու մեջ։ Նրան սպառում է մինչև 35 տարի ազատազրկում և նույնիսկ մահապատիժ։ Ասանժը մեղադրանքները հերքում է և դրանք համարում քաղաքականապես  մոտիվացված։

WikiLeaks–ը միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը գաղտնի տեղեկատվություն է հրապարակում` վերցված անանուն աղբյուրներից ։