ՌԱԴԻՈ

«Վեց տոկոսն այն կարմիր գիծն է, որից հետո ոլորտը կունենա արժեզրկում». Աշոտ Բարսեղյան

«Ռեստորանների հայկական միության» համանախագահ Աշոտ Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ոլորտի խնդիրների և նախատեսվող փոփոխությունների մասին:
Sputnik

Աշոտ Բարսեղյանը նշում է` զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել և զարգացնել գաստրո ոլորտը: Հարկային լիբերալ համակարգը թույլ է տալիս, որ ռեստորաններն իրենց աշխատած ձեռնարկատիրական եկամուտը նորից ներդնեն նույն ոլորտում և ապահովել ոլորտի զարգացումը:

«Ռեստորանների հայկական միության» խորհրդի անդամները կոչ են անում ոլորտի ներկայացուցիչների վճարել հարկերը և կարգապահության օրինակ են հանդիսանում մյուս 300 ռեստորանների համար. դա առաջին հերթին իրենց խոստումն է պետությանն ու Պետական եկամուտների կոմիտեին:

Աննախադեպ հանդիպում Երևանում. ինչու են հավաքվում հարյուրավոր ռեստորանատերերը

Մարտի 23-ին կայացավ միության հիմնադիր համաժողովը, այն աննխադեպ էր իր մասնակիցների քանակով` 250-300 ռեստորանատերեր։

«Մեզ միավորեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ պայքարը, որը բարեհաջող ավարտեցինք շուրջ մեկ տարի պայքարելուց հետո: Այս հարցում մեծ դեր խաղաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, որը կարողացավ համերաշխության եզր գտնել բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Արդյունքում ընդունվեց մեկ միասնական որոշում. այն է` թողնել 2018 թ. գործող տոկոսադրույքը, ևս մի քանի տարի մինչև ոլորտը համակերպվի: Այս համաժողովը նպատակ է հետապնդում համախմբել ոլորտը ընդհանուր նպատակների շուրջ. այն է` ոլորտի զարգացում, ոլորտին առնչվող խնդիրների լուծում: Այսօր վստահ կարող ենք ասել, որ ոլորտը ունի զարգացման հեռանկարներ և պետական մարմինների հետ շփման ռացիոնալ մակարդակ»,– ասաց նա։

Բարսեղյանը նշեց` տարիներ շարունակ ոլորտը հարկվել է ելակետային սկզբունքով, այսինքն հարկվել է քառակուսի մետրով, կախված տեղադիրքից, գոտայնությունից, հետո կառավարության որոշմամբ փորձ արվեց տանել ԱԱՀ-ով հարկման դաշտ, որը այդ փուլում կկործաներ ոլորտը, հետևաբար անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով որոշում կայացվեց տանել շրջանառության հարկման դաշտ, սահմանվեց սանդղակ 6 % նվազեցումով 3%, 8% նվազեցումով 6%, ապա 10% նվազեցումով 8%, սակայն այս ադապտացիոն փուլի համար ՀՀ ֆինանսների նախարարությունը շատ կարճ ժամանակահատված տրամադրեց ոլորտին, որից հետո ոլորտի ներկայացուցիչները ավելի կոնստրուկտիվ և ռացիոնալ համագործակցության կարողացան հասնել կառավարության հետ։

Երևանում կբացվի Տիմատիի ռեստորանը. ովքե՞ր կկարողանան անձամբ հանդիպել ռեփերին

«6%–ն այն կարմիր գիծն է, որից այն կողմ ոլորտը կունենա արժեզրկում, քանի որ 6%-ն արդեն իսկ իր մեջ պարունակում է հարկային բեռի հնգապատիկ աճ: Այսպիսով` եկանք այս լուծմանը` 6%-ի շեմը կպահպանվի ևս երեք տարի, այնուհետև անցում կարվի 10%-ին, բայց 6% նվազեցումով»,– ասաց նա:

Բարսեղյանը խոսեց նաև հակածխախոտային օրինագծի և ռեստորանատերերի` դրա հետ կապված մտավախությունների մասին:

«Ոլորտի ներկայացուցիչները գտնում են, որ անհրաժեշտ է ապահովել գործող օրենքի պատշաճ կիրառությունը, այս օրենքը գրված է ոչ պրոֆեսիոնալ, և դրանում թերի են շատ ձևակերպումներ: Ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են արգելել ծխախոտը տարածքի ներսում, բայց ոչ թե կիսափակ տարածքներում, ինչպես դա ասվում է օրենքում, պետք չէ արհեստական արգելքներ ստեղծել ի վերջո ծխախոտը արգելված ապրանք չէ, և օրինական սպառվում է»,– ասաց նա։

Ըստ Բարսեղյանի` անհրաժեշտ է այս օրինագծում ուղղել թերի ձևակերպումները, նախքան կառավարություն ուղարկելը: