ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Աշոտ Սաֆարյան. Տարածաշրջանում հայ–իրանական դիմակայությունը գնալով սաստկանում է։ Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը մինչ օրս միջազգային պրակտիկայում չտեսնված երևույթ է։ Դեռ երբեք որևէ պետությունն ահաբեկչական չէր ճանաչել մյուս պետության լիովին օրինական զինված ստորաբաժանումը։ Թրամփն իր երեկվա որոշմամբ բոլորովին նոր մակարդակ է հաղորդել հակամարտությանը։ Ի պատասխան` Թեհրանն ահաբեկչական է անվանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ուժերը։
Մեկնաբանելով ամերիկյան վարչակազմի գործողությունները` արևելագետ Սերգեյ Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նշեց մի քանի հնարավոր խնդիրներ, որոնք Թրամփը տվյալ փուլում փորձում է լուծել։
«ԱՄՆ նախագահն արդեն մի քանի անգամ հայտարարել է «Իսլամական պետության» դեմ տարած հաղթանակի մասին։ Համապատասխանաբար, նրանք հիմա պետք է նոր թշնամի գտնեն տարածաշրջանում և դրանով հիմնավորեն իրենց հետագա ներկայությունը Սիրիայում և Իրաքում։ Երկրորդ չափումը Իսրայելում տիրող ներքաղաքական իրավիճակն է։ Ինչպես հայտնի է, ապրիլի 9–ին այնտեղ ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ», – հավելեց փորձագետը։
Գործող վարչապետ Բինիամին Նեթանյահուն, բոլոր հարցումների համաձայն, առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ամերիկյան վարչակազմն արդեն մի քանի քայլեր կատարել իսրայելցի վարչապետի վարկանիշն ամրապնդելու համար։ Բացառված չէ, որ ԻՀՊԿ–ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ։
«Ինչ վերաբերում է իրանական կողմի արձագանքին, ապա նրանք ոչ մի կերպ հետաքրքրված չեն ամերիկացիների հետ ուղիղ բախման մեջ։ Իրանի համար առաջնահերթ խնդիր է Սիրիայի և Իրաքի տարածքում հաստատվելը։ Ուստի նրանց կայունություն է պետք», – ասում է Մելքոնյանը։
Միաժամանակ Թրամփի քայլը նոր գլխացավանք կդառնա Իրանի գործընկերների համար, ինչպիսիք են Ռուսաստանը և մի շարք եվրոպական երկրներ։ Նրանք այսպես, թե այնպես գործակցել են ԻՀՊԿ հետ, քանի որ դա յուրահատուկ պետություն է պետության մեջ։ Դա հզոր կառույց է, որը վերահսկում է Իրանի տնտեսության 25-35 տոկոսը։ Չափազանց դժվար է գործ ունենալ Իրանի հետ և գործակցել այդ կառույցի հետ։
Համապատասխանաբար, ամերիկացիներն իրենց համար հնարավորությունների նոր պատուհան են բացում, որպեսզի անհրաժեշտության դեպքում գործարկեն Թեհրանի գործընկերների դեմ պատժամիջոցների տեսքով նոր մտրակը։
Իրանի մերձավոր հարևանի` Հայաստանի համար ԻՀՊԿ շուրջ իրավիճակն անմիջական սպառնալիք չի ներկայացնում, կարծում է Մելքոնյանը։ Չնայած հայ–իրանական հարաբերությունների բարեկամական բնույթին` Երևանը երբեք չի գործակցել ԻՀՊԿ հետ, դրա հետ համատեղ զորավարժությունների չի մասնակցել։
«Իմ կարծիքով` Հայաստանը պետք է նույն դիրքորոշումը զբաղեցնի, ինչ իրանցիները։ Չնայած նրան, որ այնտեղ ամերիկյան ուժերն ահաբեկչական են ճանաչվել, Իրանում հիմա սպասողական դիրքորոշում են բռնել։ Նրանք հասկանում են, որ Սպիտակ տնից Թրամփի վարչակազմի հեռանալուց հետո իրավիճակն արմատապես կարող է փոխվել։ Ճիշտ այնպես, ինչպես փոխվել է Թրամփի գալուստով»,–ասաց Մելքոնյանը։
Ինչպես հայտնի է ԱՄՆ–ի նախորդ նախագահ Բարաք Օբաման միջուկային գործարք էր կնքել Թեհրանի հետ, որը հետո չեղյալ է հայտարարել ներկա նախագահը։ Հասկանալով իրավիճակի փոփոխականությունը` Հայաստանը չպետք է ինչ–որ ակտիվ գործողություններ ձեռնարկի, որպեսզի ավելորդ անգամ չհայտնվի երկու քարի արանքում։