Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց

Առաջին ատյանի դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 Ապրիլ — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման որոշումը բողոքարկելու վերաբերյալ այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանական խումբը։ Նիստի հետաձգումը պայմանավորված է աշխատանքային օրվա ավարտով:

Բողոքի քննությունը կշարունակվի ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին:

ՀՔԾ քննիչն ու պետը Քոչարյանի կալանքի մասին տարբեր կարծիքներ են հայտնել. փաստաբան

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: