ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Թող գային մի քանի հոգով, ոչ թե 40 հոգով շոու սարքեին»

Պետական եկամուտների կոմիտեն հարկային ստուգումներ է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ստուգումները պայմանավորված են ստացված ահազանգով այն մասին, որ «Առինջ մոլում» առևտուր անողներից տաղավարների համար սահմանված վարձավճարներից ավելի գումար են պահանջում, բայց հարկային մարմնին նվազ թիվ են ցույց տալիս։
Sputnik
Հակոբյան. «Թող գային մի քանի հոգով, ոչ թե 40 հոգով շոու սարքեին»

«Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենք աշխատում են համաձայն առևտրականների հետ կնքված պայմանագրերի։

Ըստ նրա՝ ՊԵԿ-ի ներկայացուցիչները առևտրի կենտրոն են այցելել դատավորի սանկցիայով ու սկսել են ստուգումները։

«Ներկայացրել ենք բոլոր այն փաստաթղթերը, որոնք ՊԵԿ աշխատակիցները պահանջել են, որևէ բանի չենք խոչընդոտել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց առևտրի կենտրոնի տնօրենը։

ՊԵԿ–ն «Առինջ մոլից» հեռացավ առգրավված իրերի տասնյակ փաթեթներով

Ըստ Սամվել Հակոբյանի, «Առինջ մոլի» աշխատակիցները ցանկացել են նույնիսկ ի նշան բողոքի ճանապարհ փակել, սակայն ինքը թույլ չի տվել։

«Չնայած ընթացող ստուգումներին՝ շուկան շարունակում է գործել ու գործելու է։ Կան ինչ-որ մարդիկ, որոնք փորձում են խաղալ առևտրի կենտրոնի անվան հետ, սակայն դա նրանց չի հաջողվի»,- վստահեցնում է Հակոբյանը։

«Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանը պնդում է, որ վարձավճարների հետ կապված որևէ խնդիր չկա, և, որ իրենք աշխատում են կնքված պայմանագրերի շրջանակում։

«Թող գային մի քանի հոգով, ինչ փաստաթուղթ պահանջեին, կտայինք, ոչ թե 40 հոգով շոու սարքեին»,- ասում է առևտրի կենտրոնի ղեկավարը։

Նրա խոսքով, առևտրականների մի մասը խանութները վախից փակել ու գնացել են։