Ինչպես կանխել ողբերգական դեպքերը բանակում, իսկ քննող մարմինների նկատմամբ կա անվստահություն

Բոլոր ողբերգական միջադեպերը, որոնք տեղի են ունենում այնպիսի փակ համակարգում, ինչպիսին բանակն է, անհնար է թաքցնել կամ կոծկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Մանվել Մարգարյան. Որոշ զորամասերում առկա ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով շարունակվում են գրանցվել ողբերգական դեպքեր, որոնք ցնցում են հանրությանն ու առաջացնում անհանգստություն բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ: Վերջին միջադեպը տեղի ունեցավ մարտին N զորամասի նախկին զինավանի տարածքում, որտեղ զինվորը սպանել էր կրտսեր սերժանտներից մեկին, իսկ մյուսին հասցրել հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: 

Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում

«Հիմնական և խորքային պատճառներից մեկը զինված ուժերում ոչ ֆորմալ ինստիտուտների առկայությունն է, երբ արհեստականորեն ձևավորվել են կեղծ արժեքային ու սոցիալական տիրույթներ, որտեղ հեգեմոն դերակատարություն ունեն ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք խաթարում են զինված ուժերի ներքին կանոնակարգը: Արդյունքում ի հայտ են գալիս ոչ լավ իմաստով հեղինակություններ, ովքեր իրենց ազդեցությունն են տարածում զիվորական անձնակազմի վրա՝ խաթարելով զորամասի բնականոն գործունեությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է զինվորական գործերով փաստաբան Նորայր Նորիկյանը:

Տարիների ուսումնասիրություններն ու աշխատանքային փորձը նրան բերել է այն համոզման, որ քանի դեռ մեր զինված ուժերում չենք ձևավորել իսկական հերոսի կերպար, քանի դեռ չենք ձերբազատվել հակահերոսի տիպարից, քանի դեռ զինուժի դաստիարակության հարցում չունենք այն օրինակը, որի հիմքի վրա պետք է կառուցվի հայկական բանակի զինվորի հոգեբանական կացութաձևը, մենք շարունակաբար կունենանք լուրջ խնդիրներ, որովհետև տարբեր ստորաբաժանումներում գոյություն ունեցող ոչ ֆորմալ մտածելակերպն ուղղակի ծնում է ողբերգություններ, որոնցից ճիշտ հետևություններ չեն արվում:

Նորայր Նորիկյանը ցավով արձանագրում է, որ վարույթ իրականացնող մարմինների նկատմամբ կա տուժող կողմի տոտալ անվստահություն, երբ մահացած զինվորների ծնողներն ի սկզբանե հույսեր չեն կապում հետաքննություն անցկացնողների, ինչպես նաև զորամասերի հրամանատարական կազմի, զինվորական ոստիկանության ու դատախազության հետ: 

ԱԺ–ն առաջարկում է «ներել» 27 տարեկան այն երիտասարդներին, որոնք բանակում չեն ծառայել

«2016թ-ի հուլիսին զինված ուժերի առաջապահ դիրքերից մեկի խրամատում հայտնաբերվել էր զինվոր դի: Ես ներգրավվեցի որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և զինվորի հոր հետ մասնակցեցի քննչական գործողություններին: Կատարել ենք փորձարարություն: Իմ պահանջով պաշտպանության նախարարը թույլատրեց, որպեսզի անձամբ հանդիպեի մարտական հերթափոխություն իրականացրած ջոկատի անձնակազմի հետ: Իմ հարցումների արդյունքում ձեռք բերեցինք ակնհայտ բավարար տեղեկություններ՝ գործի հանգամանքները բացահայտելու համար և դրանք փոխանցեցինք վարույթն իրականացնող մարմնին: Այդ ընթացքում փոխվեց 6-7 քննիչ: Անցել է երեք տարի, բայց զինվորի մահվան հանգամանքները բացահայտված չեն: Հիմա այդ զինվորի հայրը իրավունք ունի՞ չվստահել պատկան մարմիններին: Անհարկի ձգձգումներն ու անորոշությունը ստիպում են մտածել, որ զինվորը ոչ թե մահացել է, այլ նրան սպանել են»-, մտահոգված հայտարարում է Նորայր Նորիկյանը:

Մեր մյուս զրուցակիցը՝ Մոնթե Մելքոնյան վարժարանի հիմնադիր, ՀՀ ռազմական ինստիտուտի առաջին պետ, բանակի գնդապետ Ալեքսանդր Մինասյանն, իր հերթին, կարևորում է դաստիարակության խնդիրը պրոֆիլակտիկ, բացատրական ու հոգեբանական աշխատանքի միջոցով, մինչդեռ որոշ զորամասերում զինվորների ու հրամանատարների միջև առաջացել է անջրպետ: Սա է պատճառը, որ կոնկրետ Մեղրիում վերջերս տեղի ունեցավ անցանկալի միջադեպ: «Զինվորի հետ պետք է աշխատել անդադար, կլինի մարզումների միջոցով, թե ռազմարվեստին ավելի հասու դարձնելու շնորհիվ, մինչդեռ ներկայիս հրամանատարական կազմը որոշ տեղերում նույնիսկ վախենում է զինվորին զենք տրամադրել: Սպաները պետք է օրինակ լինեն ենթակաների համար:

ՀՀ պաշտպանության նախարարը չի պատրաստվում թաքցնել բանակում տեղի ունեցող միջադեպերը

Կյանքով ապացուցված իրողություն է, չեն ենթարկվում նրան, ով սովորեցնելու կամ տալու ոչինչ չունի»-, համոզված է գնդապետ Մինասյանը և որպես օրինակ վկայակոչում է իր սաներից մեկին, ով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան գալուց առաջ խնդիրներ ուներ քրեական օրենսգրքի հետ, կատարել էր դանակահարություն, բայց վարժարանում ճիշտ դաստիարակություն ստացավ, հետագայում դարձավ օրինակելի սպա և այժմ զորամասերից մեկի հրամանատարն է:

Ալեքսանդր Մինասյանն ու Նորայր Նորիկյանը կարևորում են սպաների, զորամասերի հրամանատարների պարտականությունների ընդլայնումը հատկապես ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ու զինվորական կարգապահության հաստատման գործում՝ առաջարկելով արմատական փոփոխություններ մտցնել նախևառաջ փոխհարաբերություններում առկա մտածելակերպի մեջ: 

Ընդհանուր առմամբ, 2018 թվականը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է 2016 թվականից հետո։ 2018 թվականին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ։ Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել: