Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է գազալցակայաններին վերաբերող նախագիծը

Գազալցակայաններում գազը վաճառելու են ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Այդպես վարորդը կիմանա, թե որքան գազ կա բալոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 103 պատգամավոր (ընդունվել է միաձայն)։ Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագիծը պետք է ուժի մեջ մտնի մայիսի 1–ից։

Նախագիծն առաջարկում է գազալցակայաններում սեղմված գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Դրա համար ակցիզային հարկ կգանձվի, համապատասխանաբար, ոչ թե խմ–ից, այլ կգ–ից։ Կառավարության կարծիքով` կիլոգրամը վաճառքի միանշանակ միավոր է (ըստ կշռի)։ Իսկ եթե հաշվել ծավալով, ապա մեկ խորանարդ մետրում գազի քանակը փոխվում է` կախված ջերմաստիճանից և ճնշումից։

Փաշինյանը խոստացավ պատժել գազի գնի մանիպուլյացիաներ անող օլիգարխներին

Մեկնաբանելով փոփոխությունները` «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ դա խնդրի մասնակի, բայց ոչ լիակատար լուծում է։ Նրա խոսքով` անհրաժեշտ է հետևել նաև գազի կալորիականությանը, թե նույն քաշի դեպքում այն որքան ջերմություն է տալիս։ Նրա խոսքով` մի կիլոգրամում կարող է լինել նյութերի տարբեր պարունակություն։

Հիշեցնենք, որ Հայաստանում և Ռուսաստանում գործող ԳՕՍՏ–ի համաձայն, գազի նվազագույն թույլատրելի ջերմատվությունը կազմում է 1 խմ համար 7900 կկալ։ Ռուսաստանից առաքվող գազի կալորիականությունը միշտ գերազանցում է 8000–ը։ Դրա համար «Գազպրոմ Արմենիայից» լրացուցիչ վճար չի գանձվում։

Նշենք, որ Հայաստանում ակցիզային հարկ է գանձվում միայն ավտոլցակայաններում։ Տներ և ձեռնարկություններ մտնող գազը հարկվում է միայն ԱԱՀ–ով։

Հանրապետության ավտոմեքենաների մոտ 90 տոկոսն օգտագործում է սեղմված գազ (Հայաստանի պայմաններում գազը որպես մեքենայի վառելիք, երկու–երեք անգամ ավելի էժան է)։