ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik.«Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետները հայտնաբերել են, որ հայտնի սերիալներ պարունակող «torrent» ֆայլերում համակարգչային վիրուսներ կան։ Ընկերության մասնագետները որոշել են պարզել, թե հատկապես որ բազմասերիանոց ֆիլմերում են թաքնված համակարգչային վարակները, և նրանք 31 սերիալ են ընտրել` հիմնվելով IMBD-ի ու Rotten Tomatoes-ի վարկանիշային աղյուսակների վրա։
Կարելի է շատ արագ գլխի ընկնել` որ խաբեբաների ամենասիրած սերիալը «Գահերի խաղն» է (Game of Thrones):
Ըստ կազմած վիճակագրության` այս սերիալը ներբեռնելու պատճառով 2018 թվականին վիրուսի զոհ են դարձել 9986 օգտատեր։ Ընդ որում, վիճակագրությունը կազմվել է միայն ըստ Kaspersky–ի առաջարկած պաշտպանության մեթոդներից օգտվողների։ Փորձագետները նշում են նաև, որ ամենաշատ զոհերը եղել են «Գահերի խաղի» առաջին`«Ձմեռը մոտ է» էպիզոդի պատճառով։
Ցուցակի երկրորդ տեղում «Քայլող մեռելներ» սերիալն է (The Walking Dead), որը չնչին միավորներով է հետ մնում Game of Thrones-ից։ Իսկ վերջին` երրորդ պատվավոր հորիզոնականում է «Նետ» (Arrow) բազմասերիանոց ֆիլմը:
Ընտրված սերիալների «torrent» ֆայլերը նրանք իրենց ամպային սերվիս են ներբեռնել KSN-ով և դրա շնորհիվ էլ պարզել են, թե ինչ վնասակար ծրագրերի հետ են առնչվել օգտատերերը` ֆիլմերը ներբեռնելիս։
Փորձագետները նշել են, որ ամենամեծ տարածումն ունի WinLink տրոյանը, որը կարող է ներբեռնել այլ վնասակար ծրագրեր։ Մեծ է նա հավանականությունը, որ սերիալը ներբեռնելու փոխարեն, համակարգիչն իր դռները կբացի not-a-virus կամ էլ downloader տեսակի ծրագրերի համար, որոնցից առաջինը բոլոր հնարավոր տեղերում համակարգիչը կլցնի գովազդով, իսկ downloader-ի հիմնական գործառույթը կլինի հերթական գովազդ տարածող ծրագիրը ներբեռնելը։