ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի— Sputnik. Ազգային ժողովի նիստում անհրաժեշտ թվով պատգամավորների ներկայությունն այսօր ապահովվեց միայն երկրորդ գրանցումից հետո։ Մինչ այդ, սակայն, նիստի սկզբում անհրաժեշտ 67 պատգամավորի փոխարեն գրանցվել էր 63-ը։
«Սպասենք մինչև «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներն էլ տեղավորվեն»,– ասաց նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` նկատելով, որ գրանցման հայտարարությունից հետո պատգամավորները դեռ շարունակում են ներկայանալ նիստին։
Ուշացումով դահլիճ եկած ԲՀԿ ու այլ խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորների շնորհիվ քվորումն ապահովվեց ու նիստը մեկնարկեց։
Ազգային ժողովի արտահերթ նիստը գումարվել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Նիստի օրակարգում ներառված են ԱԳԼՃԿ–ներում գազի վաճառքի կարգի փոփոխության, ապրիլի վերջին կիրակի օրը քաղաքացու օր հռչակելու մասին օրինագծերը, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։