Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Նիկոլ Փաշինյանի թիմից

Վարչապետի շրջապատը, Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, նրա համար պրոբլեմներ են ստեղծում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից դժգոհ չէ։ Այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին ասաց Ծառուկյանը։

«Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, ես Նիկոլ Փաշինյանի թիմից եմ դժգոհ։ Փաշինյանը ուզում է փոփոխություններ անի, բայց տարբեր ոլորտներում պետք է լինեն մարդիկ, որոնք մատից փուշ հանող լինեն։ Չի կարող ներքին, արտաքին քաղաքական, տնտեսական, բանկային, վարկային, ներդրումայի ոլորտներում միայնակ հաջողության հասնել, անհնար է»,– ասաց Ծառուկյանը` համոզմունք հայտնելով, որ վարչապետի շրջապատն այսօր հակառակը` նրա համար «պրոբլեմներ են սարքում»։

Այդուհանդերձ, Ծառուկյանը նշեց, որ ցանկացած պարագայում որոշում կայացնողը վարչապետն է։ Պարզապես նրան պետք է ճիշտ ծրագրեր ներկայացվեն, որպեսզի վարչապետը դրանք հաստատի։

Փաշինյան–Ալիև հանդիպումը մութ է. Ծառուկյանը վարչապետից պարզաբանում է սպասում

«Փաշինյանի թիմի 97 տոկոսը խնդիրներ են ստեղծում»,– ասաց նա։

Մեկնաբանելով իր ու Փաշինյանի հարաբերությունների մասին մամուլում առկա տեղեկությունները` Ծառուկյանը նշեց, որ դրանում դիտավորություն է տեսնում։ «Միշտ փորձում են թույլ չտալ, որ երկու հզոր մարդիկ միանան։ Դրա համար միշտ փորձում են պրոբլեմ սարքել` իմ ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություները փչացնելով»,– ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ` իր ու վարչապետի հարաբերությունները փչացնել չի հաջողվի։