«Ավելի լավ է չքննարկել». քահանային մտահոգում է Հայաստանում նույնասեռականների թիվը

Տեր Եսայի քահանա Արթենյանը մտահոգված է նույնասեռականների թվով, բայց հորդորում է չքննարկել ԱԺ–ումտրանսգենդերի ելույթի հետ կապված դեպքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող, Տեր Եսայի քահանա Արթենյանը կոչ է անում չտարածել խորհրդարանում տրանսգենդերի ելույթը, քանի որ դա լրացուցիչ գովազդ է համարում։ Այս մասին նա ասաց այսօր կայացած ասուլիսի ժամանակ։

Սրբերի փողոցները, ցույցերը և տրանսգենդերները․ երբ ակնհայտի մասին խոսելու ժամանակն է

Ապրիլի 5–ին ԱԺ–ում «Մարդու իրավունքների ազգային օրակարգը. ՄԱԿ–ի դիտարկումը» թեմայով լսումների ժամանակ ամբիոնին մոտեցավ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։ Նրա ելույթը տարաբնույթ արձագանքների արժանացավ խորհրդարանում և սոցիալական ցանցերում։

«Նման միջադեպերի քննարկումը միայն նպաստում է քարոզչությանն ու գովազդին, քանի որ այդ ելույթի նպատակը հենց դա էր։ Նրա ելույթում ոչ մի ուղերձ կամ լուրջ ենթատեքստ չկար», – ասաց Արթենյանը։

Նրա խոսքով` եկեղեցին չի ընդունում այդ երևույթը, բայց երբեք կոչ չի անում բռնության կամ խտրականության ենթարկել ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչներին։ Նրա կարծիքով` հենց այդ հանրության ներկայացուցիչներն են տարածում այդ միֆը, որպեսզի թաքցնեն սեփական ագրեսիան և կարեկցանք հարուցեն։ Ավելին, այդ հանրության որոշ ներկայացուցիչներ իրենք են գալիս եկեղեցի, մեղքերի խոստովանություն անում կամ ուղղակի օգնություն խնդրում։

«Երբեմն հաջողվում է նրանց ճիշտ ուղու վրա դնել, երբեմն` ոչ։ Բայց վերջին տարիներին նույնասեռականների թիվն ավելացել է, դա կապված է ոչ միայն ագրեսիվ քարոզչության, այլ նաև «եվրոպական արժեքներ» ներմուծելու հետ, և դա անհանգստացնում է մեզ», – նշեց նա։

Արթենյանը համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ հայ հասարակությունը հանդուրժող չէ։ Նրա խոսքով` դժվար է պատկերացնել ավելի բաց, հասկացող և լիբերալ հասարակություն, քան հայկականն է։ Միաժամանակ, հոգևորականի կարծիքով, ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն չկա, բացառությամբ մի քանի դեպքերի։