Պատերազմի սպառնալիքին պատասխանելու ենք խաղաղության պարտադրման օրակարգով. Փաշինյան

Ըստ ՀՀ վարչապետի՝ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի վերականգնում է առաջարկում, այլ ոչ փոփոխություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափի ոչ թե փոփոխություն, այլ վերականգնում է առաջարկում: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարում:

«Ով չի լսում Փաշինյանին, կլսի Տոնոյանին». բանակցությունների հայկական բանաձևը

«Ասվում է, որ Հայաստանը կամ Ղարաբաղն առաջարկում են բանակցությունների ձևաչափի փոփոխություն, և որպես հաղթանակ է նշվում այն, որ ձևաչափում փոփոխություն չի արձանագրվում: Հայաստանի կառավարությունը բանակցային ձևաչափի փոփոխման հարց երբևէ չի դրել, Հայաստանը դրել է բանաձևի ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, դա որևէ մեկը կասկածի տակ չի դրել: Այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմնադրվել է դեռևս 1990-ականների առաջին կեսին: Չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել, առանց այդ հակամարտության առանցքային ներկայացուցիչների մասնակցության: Եթե մենք խոսում ենք առանց ԼՂ ներկայացուցիչների, ուրեմն խոսում ենք ամեն ինչի մասին, բացի հակամարտության լուծման մասին խոսելուց»,- ասել է Փաշինյանը:

Բադալյան. «Պաշպանության նախարարը չէր կարող ինքնուրույն նման հայտարարություն անել»

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ պետք է հստակություն մտցվի Մադրիդյան սկզբունքների նշանակության հարցում, որպեսզի կարելի լինի հայտարարել, թե որքանով են այդ սկզբունքներն ընդունելի կամ, առհասարակ, ընդունելի են, թե ոչ հայկական կողմի համար:

ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև Բաքվի պատերազմական հռետորաբանությանը.

«Չի կարելի սպառնալ դիմացի ժողովրդին: Սպառնալիքով ժողովուրդների հետ չեն խոսում: Եվ, ընդհանրապես, մեզ հետ պետք չէ խոսել սպառնալիքի լեզվով: Մեզ ընդհանրապես պետք չէ սպառնալ պատերազմով: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում` խաղաղության պարտադրման օրակարգով: Խաղաղության կոչին արձագանքելու ենք խաղաղության պատրաստակամության օրակարգով»,- նշել է վարչապետը:

Մի կռվիր, թե չէ ավելի վատ կլինի. Տոնոյանը ճիշտ բառեր գտավ

ՀՀ վարչապետը նշել է, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելն այսօր հայկական կողմի կարևորագույն խնդիրն է, և անհոգնել աշխատելու են այս խնդիրը լուծելու ուղղությամբ:

«Մեծամտություն է ցուցաբերում ցանկացած իշխանություն կամ կառավարություն, որ մտածում է, թե ինքն է Ղարաբաղի հարցի լուծողը: Ղարաբաղի հարցի լուծող երեք սուբյեկտ կա, դրանք ժողովուրդներն են»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար և գնալ ԼՂ հակամարտության հարցի կարգավորման, նշանակում է ժողովրդի հետ համաքայլ գնալ դրան, հակառակ դեպքում ցանկացած տարբերակ դատապարտված է ձախողման: